«Ի՞նչ է փոխվել գերիների համար». Սիրանուշ Սահակյանը Ժնևում բարձրացրել է Բաքվում պահվող հայերի հարցը
Կարդացեք նաև
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիր, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 63-րդ նստաշրջանի շրջանակում կազմակերպված քննարկմանը, որը նվիրված էր Արցախի հայաթափման 3-րդ տարելիցին և բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանը։
Իր ելույթում Սահակյանն անդրադարձել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ու նրանց ընտանիքների ծանր վիճակին։ Նա ներկայացրել է գերեվարված հայերից մեկի կնոջ պատմությունը՝ ընդգծելով անորոշության մեջ ապրելու, հարազատի հետ լիարժեք կապից և առողջական վիճակի մասին տեղեկություններից զրկված լինելու հոգեբանական ծանր հետևանքները։
Սիրանուշ Սահակյանը հատուկ ուշադրություն է հրավիրել Վաշինգտոնում նախանշված խաղաղության համաձայնագրի վրա՝ նշելով, որ այն չի պարունակում որևէ դրույթ, որը կպարտադրի Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին։ «Փոխարենը, համաձայնագրի 15-րդ հոդվածը հստակ ժամկետ է սահմանում. կողմերը պետք է համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, հետ կանչեն միջպետական գանգատները։ Սա ցավալի հակադրություն է ստեղծում։ Դատական գործընթացները կարող են անհետանալ միջազգային ատյաններից, սակայն այն մարդիկ, ում իրավունքների վրա հիմնված էին այդ գործերը, չեն անհետանում, և խախտումները չեն դադարում։ Ուստի ընտանիքների համար հարցը մեկն է՝ ի՞նչ է փոխվել իրենց համար Վաշինգտոնից հետո՝ խաղաղության այս դարաշրջանում»,- ընդգծել է իրավապաշտպանը։
Նա մտահոգություն է հայտնել նաև Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մշտական ներկայության դադարեցման և Բաքվում ընթացող շինծու դատավարությունների կապակցությամբ։ Սահակյանը հիշեցրել է, որ Amnesty International-ը, Եվրոպական խորհրդարանը և Human Rights Watch-ը խիստ քննադատել են 16 հայ մեղադրյալների, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի դեմ անցկացված դատավարությունները՝ դրանք անվանելով «արտադատական թատրոն» և շինծու գործընթացներ։
«Եթե ակնկալվում է իրական խաղաղություն, ապա ապօրինի անազատության մեջ գտնվող բոլոր անձինք պետք է անհապաղ ազատ արձակվեն»,- եզրափակել է Սիրանուշ Սահակյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում