Սկանդալ Էյֆելյան աշտարակում. տնօրենը հրաժարական է տալիս կանանց աշխատանքից հեռացնելու պատճառով
Կարդացեք նաև
Էյֆելյան աշտարակը կառավարող Société d’exploitation de la tour Eiffel (SETE) ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Բրանկո Ռուիվոն 2026 թվականի վերջին կլքի իր պաշտոնը։ Այս որոշումը կայացվել է ներքին քննությունից հետո, որը վերաբերում էր հնդկական պատվիրակության խնդրանքով կին աշխատակիցներին աշխատանքից ժամանակավորապես հեռացնելու աղմկահարույց միջադեպին, հայտնում է AFP գործակալությունը։
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին՝ Bochasanwasi Akshar Purushottam Swaminarayan Sanstha (BAPS) միջազգային հնդուական կազմակերպության պատվիրակության այցի ընթացքում։ Ըստ Le Monde-ի տվյալների՝ այս շարժումը մոտ է կանգնած Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի կուսակցությանը։ Կազմակերպության ներկայացուցիչները SETE-ի ղեկավարությանն առաջարկել էին սահմանափակել իրենց պատվիրակության շփումները կանանց հետ։
Արդյունքում՝ որոշ կին աշխատակիցների հրահանգվել էր լքել աշխատատեղերը և տեղափոխվել ծառայողական տարածքներ, իսկ առանձին հենակետերում նրանց փոխարինել էին տղամարդկանցով։ Կանանց նաև արգելվել էր հայտնվել որոշակի գոտիներում, քանի դեռ այնտեղ գտնվում էին հյուրերը։ Արհմիությունները հայտարարել են, որ աշխատակցուհիներին «հեռացրել, փոխարինել և անտեսանելի են դարձրել բացառապես իրենց սեռի պատճառով»։
Սկանդալը բողոքի ալիք է բարձրացրել անձնակազմի շրջանում, ինչի հետևանքով գործադուլ է հայտարարվել, և Էյֆելյան աշտարակը մեկ օրով փակվել է այցելուների համար։ Հետագայում SETE-ն ընդունել է, որ չպետք է համաձայներ նման պայմաններին, իսկ BAPS-ը ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար։ Ընկերությունը մտադիր է ստեղծել արարողակարգային հատուկ բաժին և ուժեղացնել գենդերային հավասարության պահպանմանն ուղղված քայլերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում