Բողոքի ալիք Ֆրանսիայում. աշակերտները արգելափակում են հարյուրավոր ավագ դպրոցներ
Կարդացեք նաև
Ֆրանսիայում օրեցօր թափ են հավաքում ավագ դպրոցների աշակերտների (լիցեյականների) բողոքի ակցիաները, որոնք մեկնարկել էին մեկ շաբաթ առաջ։ Դպրոցականների խոշորագույն միությունը կոչ է արել շարունակել զանգվածային մոբիլիզացիան և պահանջում է անհապաղ հանդիպում կրթության նախարարի հետ։ Աշակերտների դժգոհության հիմնական պատճառները միջնակարգ կրթության համակարգում առկա խնդիրներն են՝ դպրոցական շենքերի մաշվածությունը, գերբեռնված դասարանները, ուսուցիչների պակասը, ինչպես նաև կրթության ոլորտում իրականացվող բյուջետային զգալի կրճատումները։
Բողոքի ակցիաներն ուգեկցվում են անկարգություններով և իրավապահ մարմինների հետ ուժգին բախումներով։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել է, որ ցույցերի ընթացքում ձերբակալվել է 625 մարդ։ Նրա փոխանցմամբ՝ վիրավորվել է 83 ոստիկան և ժանդարմ։ Միևնույն ժամանակ, Ազգային ոստիկանության գլխավոր տեսչությունը երեք առանձին հետաքննություն է սկսել Սևրանում, Սեն-Ուեն-լ’Օմոնում և Տուրում ուսումնական հաստատությունների շրջափակման ժամանակ աշակերտների ստացած վնասվածքների փաստերով, որտեղ երիտասարդներից մեկը գլխի շրջանում ծանր վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց։
Կրթության նախարար Էդուար Ժեֆրուան իր հերթին հայտնել է, որ անկարգությունների սկզբից ի վեր տուժել է կրթության համակարգի 119 աշակերտ և աշխատակից, այդ թվում՝ վիրավորվել է 34 աշխատակից։ Նախարարն ընդգծել է, որ սա աննախադեպ ցուցանիշ է համակարգի համար, և պետական ծառայողների վրա հարձակումներն անընդունելի են։
Միայն Իլ դը Ֆրանս շրջանում արգելափակվել է 75 լիցեյ, որոնցից 36-ում, տեղական իշխանությունների տվյալներով, գրանցվել են բռնություններ, բախումներ և վանդալիզմի դեպքեր։ Ակցիաները շարունակվել են նաև Լիոնի, Ստրասբուրգի և Նիցցայի ուսումնական հաստատություններում, որտեղ ցուցարարները հրդեհել են աղբամաններ, վարձույթի էլեկտրական հեծանիվներ և բարիկադներ կառուցել։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մադրիդում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ աշակերտների մոբիլիզացիան չի արդարացնում բռնությունը, թեև նշել է, որ լսում և հասկանում է երիտասարդության անհանգստությունն ու զայրույթը։ Ստեղծված իրավիճակում կառավարությունը խոստանում է գործարկել «խորհրդակցական հարթակ», որտեղ յուրաքանչյուր աշակերտ կկարողանա ներկայացնել իր պահանջներն ու մտահոգությունները, ինչպես նաև կազմակերպել համազգային քննարկում։ Չնայած իշխանությունների՝ հանգստության կոչերին, աշակերտական միությունները հայտարարում են պայքարը շարունակելու և ճնշումը մեծացնելու մտադրության մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում