Նավթի համաշխարհային գները կայունացել են. Reuters-ը ներկայացնում է շուկայի վերջին տվյալները
Կարդացեք նաև
Համաշխարհային շուկայում նավթի գները պահպանել են կայուն դիրքերը, ինչին նպաստել են Պարսից ծոցի տարածաշրջանից արտահանման ծավալների վերականգնումը և ԱՄՆ-ում պաշարների անսպասելի աճը։ Reuters լրատվական գործակալության տվյալներով՝ «Brent» տեսակի նավթի ֆյուչերսներն աճել են 0.6 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 98.67 դոլարի, իսկ ամերիկյան «WTI» տեսակի նավթի գինն ավելացել է 0.5 տոկոսով՝ կազմելով 90.09 դոլար։
Չնայած առևտրային նստաշրջանի ընթացքում գրանցված տատանումներին՝ սեպտեմբեր ամսվա արդյունքներով «Brent» տեսակի նավթն արձանագրել է շուրջ 14 տոկոսի աճ, ինչը ամենաբարձր ցուցանիշն է հուլիսից ի վեր։ Շուկայում առաջարկի հետ կապված մտահոգությունները փոքր-ինչ մեղմվել են այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան վերսկսել է նավթատար նավերի բեռնումը Յանբու նավահանգստում և գործարկել Արևելք-Արևմուտք խողովակաշարը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ Էներգետիկ տեղեկատվության վարչության տվյալներով՝ նավթի պաշարներն ավելացել են 922 հազար բարելով՝ հասնելով 427.3 միլիոն բարելի, չնայած վերլուծաբանները կանխատեսում էին պաշարների կրճատում։ Գների վրա ազդում է նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև դիվանագիտական շփումների վերսկսումը։ «Goldman Sachs»-ի գնահատականներով՝ Պարսից ծոցից նավթի արտահանման ծավալները վերականգնվել են՝ հասնելով օրական 23.3 միլիոն բարելի։ Սպասվում է նաև, որ OPEK+ երկրները կիրակի կայանալիք հանդիպմանը կպահպանեն արդյունահանման ընթացիկ ծավալները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում