Մոսկվան միջուկային զենք կիրառելու սպառնալիք է հղել ՆԱՏՕ-ին՝ Կալինինգրադի հարցով

Մոսկվան միջուկային զենք կիրառելու սպառնալիք է հղել ՆԱՏՕ-ին՝ Կալինինգրադի հարցով

Ռուսաստանի Դաշնությունը դիվանագիտական նոտայի միջոցով նախազգուշացրել է ՆԱՏՕ-ին, որ պատրաստ է կիրառել իր տրանսպորտային ու զինատեսակների ողջ զինանոցը, այդ թվում՝ միջուկային զենք, եթե Հյուսիսատլանտյան դաշինքը փորձի շրջափակել կամ մեկուսացնել Բալթիկ ծովի ափին գտնվող Կալինինգրադի մարզը։ Դաշինքին ուղղված փաստաթղթում Մոսկվան Արևմուտքին մեղադրել է վտանգավոր ընթացք որդեգրելու մեջ, ինչը, ըստ ռուսական կողմի, պարունակում է ուղղակի զինված բախման բարձր ռիսկեր։

Ռուսական կողմի փոխանցմամբ՝ դաշինքի անդամ երկրների կողմից Կալինինգրադը մայրցամաքային Ռուսաստանից կտրելու ցանկացած փորձի դեպքում հարվածներ կհասցվեն դաշինքի որոշումների կայացման կենտրոններին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ արևմտյան որոշ գործիչների հայտարարությունները վկայում են Մոսկվայի հետ պատերազմելու պատրաստակամության մասին, և հույս է հայտնել, որ իրենց նախազգուշացումները տեղ կհասնեն։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, արձագանքելով Մոսկվայի հայտարարությանը, ընդգծել է, որ դաշինքը պաշտպանական բնույթ ունի և կոչ է արել դադարեցնել միջուկային սպառնալիքների լեզվով խոսելը։ Բրյուսելում անցկացված անվտանգության համաժողովի ընթացքում Ռյուտեն նշել է, որ միջուկային զենքի կիրառման իրական վտանգ չի տեսնում, քանի որ Ռուսաստանը չի կարող հաղթել ՆԱՏՕ-ին։ Դաշինքի պաշտոնական պատասխանում նաև նշվել է, որ ՆԱՏՕ-ի որևէ զորավարժություն կամ գործողություն սպառնալիք չի ներկայացնում Ռուսաստանի տարածքային ամբողջականության համար։

Փորձագիտական շրջանակները մատնանշում են, որ իրավիճակն անհանգստացնող է, քանի որ Բալթիկ ծովում ռազմական վարժանքների, նավերի կալանման և օդային հետախուզության ֆոնին մեծանում է կողմերի միջև հաշվարկների սխալի ու իրավիճակի անկանխատեսելի էսկալացիայի ռիսկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում