Բողոքի ալիքը Ֆրանսիայում սաստկանում է. Հրդեհ Նանտի լիցեյում և լարվածություն Թուլուզում
Կարդացեք նաև
Ֆրանսիայում շարունակվում և էլ ավելի են սաստկանում ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները։ Հոկտեմբերի 1-ին երկրի տարբեր քաղաքներում գրանցվել են արտակարգ միջադեպեր, դպրոցների շրջափակումներ և բախումներ իրավապահ մարմինների հետ։
Թուլուզում աշակերտական շարժումը կաթվածահար է արել մի շարք ուսումնական հաստատությունների աշխատանքը։ Որոշ լիցեյներ ստիպված են եղել փակվել, իսկ քաղաքի տարբեր հատվածներում բռնկված հրդեհներն ու լարվածությունը ոստիկանության հետ հանգեցրել են բերման ենթարկումների։ Սա արդեն բողոքի ակցիաների երրորդ անընդմեջ օրն է քաղաքում։
Էլ ավելի ծանր իրավիճակ է ստեղծվել Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Նանտ քաղաքում։ Առավոտյան, երբ աշակերտները հավաքվել էին ցույցի, հրդեհ է բռնկվել Նելսոն Մանդելայի անվան լիցեյում։ Կրակը արագորեն տարածվել է շենքի առաջին հարկից մինչև տանիք՝ ընդգրկելով ճակատային մասը, մուտքի սրահը, դպրոցի շենքի գրեթե կեսը և հանրակացարանի մի հատվածը։ Լիցեյի աշակերտներն ու ուսուցիչները հայտնել են, որ հրդեհման հետևում կանգնած չեն իրենց դպրոցի սաները, այլ այլ ուսումնական հաստատություններից և արվարձաններից եկած երիտասարդներ, որոնք հրավառելիք են կիրառել և այրել աղբամանները։ Հավաքված բազմությանը ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, ինչից հետո միայն հրշեջները կարողացել են անցնել հրդեհաշիջմանը։
Աշակերտների զանգվածային բողոքի ակցիաները մեկնարկել էին անցյալ շաբաթ Իլ դը Ֆրանս շրջանից։ Ցուցարարները դժգոհում են ծանրաբեռնված դասացուցակներից, ուսուցիչների պակասից և կրթական համակարգի այլ խնդիրներից։ Անկարգությունների սկզբից ի վեր իրավապահները ձերբակալել են ավելի քան 625 ցուցարարի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում