Կրակոցներ պարեկների ուղղությամբ Կոտայքի մարզում. կասկածյալները ձերբակալվել են
Կարդացեք նաև
Կոտայքի մարզում ոստիկանության ծառայողների օպերատիվ գործողությունների շնորհիվ ձերբակալվել են պարեկների «կանգառ» ազդանշանին չենթարկվելու և հրազեն կիրառելու մեջ կասկածվող երկու անձ:
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 1:35-ի սահմաններում, Պարեկային ծառայության կարգախմբերից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզում հայտնաբերվել է իրավախախտ վարորդ, որը «Hyundai» մակնիշի ավտոմեքենայով չի ենթարկվել պարեկների պահանջին: Այնուհետև մեքենայից հրազենով կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով պարեկային երկու ծառայող վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Ծառայողներից մեկը, ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, արդեն դուրս է գրվել: Նախնական տվյալներով՝ պարեկների կյանքին վտանգ չի սպառնում:
ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձինք և «Hyundai» մեքենան հայտնաբերվել են: Պարզվել է, որ մեքենայում գտնված վարորդն ու ուղևորը Կոտայքի մարզի բնակիչներ են և դեպքի պահին եղել են ոչ սթափ վիճակում:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Իրականացվում են անհրաժեշտ քննչական ու օպերատիվ միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում