«Պաշտոնական հանդիպում չկա, բայց շփումներ կլինեն». Փաշինյանը՝ ԱՊՀ գագաթնաժողովի սպասելիքների մասին

«Պաշտոնական հանդիպում չկա, բայց շփումներ կլինեն». Փաշինյանը՝ ԱՊՀ գագաթնաժողովի սպասելիքների մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Թուրքմենստանում ընթացող Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գագաթնաժողովի շրջանակում այս պահի դրությամբ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ պաշտոնական առանձնազրույցներ նախատեսված չեն։ Վարչապետը մասնակցում է հոկտեմբերի 8-9-ը տեղի ունեցող բարձրաստիճան համաժողովին։

«Շփումներ, անշուշտ, կլինեն, քանի որ այսօր և վաղը գտնվելու ենք նույն վայրում։ Պաշտոնապես հանդիպում պլանավորված չէ, սակայն շփումներ ու զրույցներ կլինեն։ Նախկինում ևս եղել են դեպքեր, երբ տեղում ենք համաձայնեցրել և զրուցել»,- լրագրողների հետ զրույցում ընդգծել է Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը նաև հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումները կայացել էին նախորդ ամիս Բիշքեկում, իսկ Ռուսաստանի առաջնորդի հետ ինքը հեռախոսազրույց է ունեցել նաև երեկ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում