Հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում

Հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում

Հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը Euronews-ին հայտնել է, որ առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավարի պաշտոնում՝ իր քարոզարշավում շեշտը դնելով հավասարության, վստահության վերականգնման և համակարգից դուրս գտնվող մասնագետի թարմ հայացքի վրա։

ԱՀԿ գործող ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը պաշտոնը կլքի 2027 թվականի օգոստոսին՝ կառույցը տասը տարի գլխավորելուց հետո։ ՄԱԿ-ի առողջապահական խոշորագույն գործակալության ղեկավարի պաշտոնին հավակնում է յոթ թեկնածու, որոնցից յուրաքանչյուրն առաջադրվել է առանձին պետության կողմից։ ԱՀԿ գործադիր խորհուրդը մինչև փետրվարի սկիզբը թեկնածուների ցանկը կկրճատի մինչև երեք անուն, իսկ նոր ղեկավարը կընտրվի 2027 թվականի մայիսին՝ Առողջապահության համաշխարհային ասամբլեայի ընթացքում։

39-ամյա Գևորգ Թամամյանն ԱՀԿ բարձրագույն պաշտոնի ամենաերիտասարդ հավակնորդն է։ Նրա թեկնածությունն առաջադրել է Բոտսվանան, և նա միակ թեկնածուն է, որը երբևէ պաշտոն չի զբաղեցրել ՄԱԿ-ի համակարգում։ Թամամյանն իրեն դիրքավորում է որպես համակարգից դուրս գտնվող գործիչ, որը կարող է նոր հայացք բերել կազմակերպություն։ Ժնևում անցկացված թեկնածուների համաժողովի շրջանակում նա Euronews-ին ասել է, որ գալիս է դրսից՝ այլ փորձառությամբ, և որպես գործող բժիշկ ստիպված է եղել ԱՀԿ հանձնարարականները հրահանգների մակարդակից տեղափոխել իրական կլինիկական պրակտիկա, որտեղ ցանկացած հետևանք կամ սխալ իրական ազդեցություն է ունեցել կոնկրետ մարդկանց, բուժառուների ու ընտանիքների վրա։ Նրա համոզմամբ՝ արտաքին հայացքը հատկապես կարևոր է, քանի որ ներսում աշխատող մարդկանց համար երբեմն դժվար է նկատել կառույցի թույլ կողմերը։

Թամամյանի մասնագիտական գործունեությունն ընդգրկում է կլինիկական պրակտիկան, առողջապահական ազգային համակարգերի զարգացումը, գլոբալ դիվանագիտությունն ու հումանիտար աշխատանքը հակամարտության գոտիներում։ Նա նշել է, որ իր ողջ կարիերայի ընթացքում տեսել է բազմաթիվ բաներ, որոնք հնարավոր է անել շատ ավելի լավ՝ փոխելով մարդկանց կյանքը, և համոզվել է, որ ԱՀԿ-ն ունի դա իրականացնելու գործիքների մեծ մասը։ Իր քարոզարշավը Թամամյանն անցկացնում է «Աշխարհագրությունը չպետք է որոշի, թե ով է ապրելու» կարգախոսով։ Նա ընդգծել է, որ բուժօգնության հավասար հասանելիության նկատմամբ իր հանձնառությունը բխում է միջինից ցածր եկամուտ ունեցող փոքր երկրից լինելու սեփական փորձից, և որ գլոբալ առողջապահական համակարգում առանցքային պետք է լինի արդարության սկզբունքը՝ անկախ մարդու ծագումից։

ԱՀԿ հաջորդ գլխավոր տնօրենի առջև ծառացած խնդիրները դուրս են գալիս կազմակերպության ներքին աշխատանքի բարելավման շրջանակից, քանի որ կառույցը կանգնած է մի շարք խոշոր անդամ պետությունների կողմից վստահության ճգնաժամի առջև։ 2026 թվականին ԱՄՆ-ը՝ կազմակերպության պատմական խոշորագույն դոնորը, պաշտոնապես դուրս է եկել ԱՀԿ-ից, իսկ իր դուրս գալու մասին հայտարարել է նաև Արգենտինան։ Այս տարվա սկզբին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում Թեդրոսը հայտարարել էր, որ ընթացիկ դարի առաջին երկու տասնամյակները գլոբալ առողջապահության ոսկեդարն էին, սակայն այդ ժամանակաշրջանն արդեն ավարտվել է։

Ընտրվելու դեպքում Թամամյանը խոստացել է պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում այցելել ԱՄՆ և Արգենտինա՝ փորձելով նրանց վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ։ Նրա խոսքով՝ միասնական լինելն ավելի ուժեղ է դարձնում, և նույնիսկ տարաձայնությունների դեպքում անհրաժեշտ է բոլորին պահել երկխոսության դաշտում, քանի որ քննարկման ընթացքում անհամաձայնությունը գերադասելի է քննարկման բացակայությունից։ ԱՄՆ-ն ու Արգենտինան ԱՀԿ-ին քննադատել էին թափանցիկության պակասի և COVID-19 համավարակի դեմ պայքարի կազմակերպման համար՝ մատնանշելով կառուցվածքային ու գործառնական լուրջ թերությունները։ Թամամյանն իր հերթին ընդունել է, որ վստահությունն ու հաշվետվողականությունը վերականգնելու համար անհրաժեշտ է լուծել կազմակերպության ներքին խնդիրները՝ միաժամանակ նշելով, որ անցած տասնամյակների ընթացքում առողջապահության և բժշկության ոլորտում հսկայական առաջընթաց է գրանցվել, և կարևոր է ապահովել, որ ԱՀԿ-ն ամուր կանգնի ոտքերի վրա՝ որպես գլոբալ առողջապահության առաջատար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում