Մայր Աթոռը դատապարտում է ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը․ Եպիսկոպոսների հայտարարությունը
Կարդացեք նաև
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ տեղի է ունեցել Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների, հայաստանյան թեմակալ առաջնորդների և առաջնորդական տեղապահների ժողով։ Հանդիպման ընթացքում հոգևորականները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում «ճգնաժամի ուսումնասիրման» քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը։
Ժողովականները վճռական անհամաձայնություն են հայտնել խորհրդարանի այս քայլին՝ այն որակելով որպես վարչապետի ուղղորդմամբ իրականացվող հակաեկեղեցական գործողություն, որն ոտնահարում է կրոնական ազատության և Եկեղեցու ինքնավարության հիմնարար սկզբունքները։ Հայտարարության մեջ նշվում է, որ իշխող քաղաքական ուժը փորձում է ապօրինի միջոցներով ու բռնաճնշումներով միջամտել Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը, իսկ Ազգային ժողովի ամբիոնն օգտագործվում է ատելություն և անհիմն մեղադրանքներ տարածելու համար։
Մայր Աթոռը խորհրդարանական մեծամասնությանը կոչ է անում դրսևորել սթափություն, գործել բացառապես Սահմանադրության շրջանակում և հրաժարվել իշխանական դիրքի չարաշահումից։ Եկեղեցականները հավատացյալ ժողովրդին հորդորել են պահպանել հոգևոր զգոնությունն ու հանդարտությունը՝ ընդգծելով, որ Մայր Աթոռը վճռականորեն պաշտպանելու է Հայոց Եկեղեցու և իր հավատացյալ հոտի իրավունքները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում