Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն փակագծեր չի բացում
Կարդացեք նաև
ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ընթանում է նախաքննություն։ Ինչպես 24News-ի հետ զրույցում հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, իրավապահ մարմինները ներկայումս իրականացնում են անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար, սակայն դեռևս չեն հստակեցնում, թե կոնկրետ որ հոդվածով է հարուցվել վարույթը՝ սպանության, թե ինքնասպանության հասցնելու հիմքով։
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ պաշտոնապես հաստատել էր զինծառայողի մահվան փաստը՝ հայտնելով, որ հոկտեմբերի 10-ին հայտնաբերվել է Ա. Ղ.-ի դին՝ հրազենային վնասվածքով։ Զինծառայողի ընտանիքն արդեն սահմանված կարգով ծանուցվել է ողբերգության մասին, իսկ ռազմական գերատեսչությունը վշտակցություն է հայտնել հարազատներին ու ծառայակիցներին։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Վարդենիսում տեղակայված զորամասերից մեկում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում