«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ

«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը և բարեկամական խմբի անդամ Քրիստինե Վարդանյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ։ Հանդիպման ընթացքում ընդդիմադիր պատգամավորները ներկայացրել են խորհրդարանական իրենց գործունեության առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ բարձր են գնահատում հայ-իրանական ավանդական բարեկամական հարաբերություններն ու կարևորում դրանք էլ ավելի խորացնելու անհրաժեշտությունը։

Դեսպան Շիրղոլամին իր հերթին շեշտել է երկու երկրների ու ժողովուրդների միջև կապերի սերտացման, ինչպես նաև պարբերական շփումների պահպանման կարևորությունը։ Իրանցի դիվանագետն առանձնահատուկ ընդգծել է միջխորհրդարանական բարեկամական խմբերի առանցքային դերակատարությունը երկկողմ գործընկերության ընդլայնման և քաղաքական երկխոսության ակտիվացման տեսանկյունից։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային զարգացումների, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքի, ինչպես նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման հեռանկարների շուրջ։ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հատուկ բարձրացրել են Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների վերադարձի, ինչպես նաև Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված Արցախի պատմամշակութային ու հոգևոր ժառանգության պահպանության հույժ կարևոր հարցերը։ Բացի այդ, կողմերը քննարկել են նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացման ընթացքն ու տարածաշրջանային ազդեցությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում