Կառավարությունը նախատեսում է 50%-ով կրճատել արցախցիներին տրվող աջակցությունը
Կարդացեք նաև
Հայաստանի կառավարությունը նախատեսում է կիսով չափ նվազեցնել Արցախից բռնի տեղահանված առանձին խոցելի խմբերին տրամադրվող ամսական 30 հազար դրամի աջակցությունը։ Համապատասխան նախագծի ընդունման հարցը ներառված է կառավարության հոկտեմբերի 29-ի նիստի օրակարգում։ Ըստ առաջարկվող փոփոխության՝ աջակցության ծրագիրը կերկարաձգվի մինչև 2027 թվականի հուլիսը․ շահառուները մինչև մարտի վերջ կստանան ամսական 30 հազար դրամ, իսկ ապրիլից հունիս ընկած հատվածում գումարը կկրճատվի 50%-ով՝ հասնելով 15 հազար դրամի։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ֆինանսավորման կրճատումը նպատակ ունի «խթանել նրանց սոցիալ-տնտեսական ինքնուրույնությունը»։ Պաշտոնական տվյալներով՝ 2026 թվականի սեպտեմբերին այս աջակցությունից օգտվել է 45 800 մարդ, իսկ պետական բյուջեից ամսական հատկացումը կազմում է շուրջ 1,4 մլրդ դրամ։ Միևնույն ժամանակ, մեկ տարով՝ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 15-ը, երկարաձգվում է կարիքավոր ընտանիքներին տրվող լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության դիմումների ընդունումը, որից այժմ օգտվում է միջինում 8500 ընտանիք։ Կառավարությունն ակնկալում է, որ 30 հազարական դրամների դադարեցումից հետո այդ ընտանիքների թիվը կհասնի 9500-ի, իսկ երկու ծրագրերի ընդհանուր բյուջեն 2027 թվականին կկազմի շուրջ 12,6 մլրդ դրամ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում