Լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերվել են աղիքային ցուպիկ, բորբոսասնկեր ու խմորասնկեր․ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի մոնիտորինգի արդյունքները

Լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերվել են աղիքային ցուպիկ, բորբոսասնկեր ու խմորասնկեր․ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի մոնիտորինգի արդյունքները

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն հանրային վերահսկողության նախաձեռնության շրջանակում լաբորատոր փորձաքննության է հանձնել 11 ընկերությունների արտադրած կաթնամթերք։ Նմուշառումները փորձաքննվել են միջազգային հավատարմագրում ունեցող երեք լաբորատորիաներում՝ ՍԱՏՄ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ում, «Էֆ Դի Էյ լաբորատորիա» և «Ստանդարտ Դիալոգ լաբորատորիա» ՍՊԸ-ներում։

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ շուկայում, հատկապես կաթնաշոռի ոլորտում, առկա են լուրջ խնդիրներ։ ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ հայտնաբերվել են ոչ միայն աղիքային ցուպիկի մանրէներ (ԱՑԽՄ), այլև խմորասնկեր ու բորբոսասնկեր։

Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝

 Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) են հայտնաբերվել «Աշտարակ կաթ»-ի կաթում (3,2%), «Երեմյան Փրոդաքթս»-ի (25%), «Արզնի կաթնամթերք»-ի (20%) և «Բոնիլատ»-ի (17%) թթվասերներում, «Իգիթ» ընկերության չեչիլ պանրում, ինչպես նաև «Թամարա և Անի», «Մարիաննա», «Աշտարակ կաթ», «Երեմյան Փրոդաքթս», «Միլկին», «Բոնիլատ», «Բիոկաթ», «Չանախ» և «Արզնի կաթնամթերք» ընկերությունների կաթնաշոռերում։

 Խմորասնկերի և բորբոսասնկերի շեղումներ են արձանագրվել «Բոնիլատ», «Թամարա և Անի», «Արզնի կաթնամթերք», «Չանախ», «Մարիլա» և «Բիոկաթ» ընկերությունների կաթնաշոռերում։

 Կաթնաթթվային մանրէների ցուցանիշով շեղումներ են գրանցվել «Մարիաննա», «Չանախ», «Մարիլա» և «Միլկին» ընկերությունների կաթնաշոռային արտադրանքներում։

ՀԿ նախագահը հայտնել է, որ փորձաքննությունների բոլոր տվյալներն ու մեթոդաբանությունը փոխանցվելու են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին (ՍԱՏՄ)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում