Փաշինյանը սպառնում է առաջնորդել ընդդիմության դեմ հանրային ճնշումը

Փաշինյանը սպառնում է առաջնորդել ընդդիմության դեմ հանրային ճնշումը

Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քաղաքական մեծամասնությունը պատրաստ է առաջնորդել ընդդիմության նկատմամբ հնարավոր հանրային ճնշումը, եթե վերջինս փորձի խոչընդոտել նոր Սահմանադրության ընդունման գործընթացը։ Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ իշխանության կողմից բարձրացված հարցերին հիմնավոր պատասխաններ տալու պարագայում քաղաքացիների ճնշող մեծամասնությունը հանրաքվեի ժամանակ կողմ կքվեարկի մայր օրենքի նոր նախագծին։

Վարչապետի պնդմամբ՝ եթե նոր Սահմանադրության անհրաժեշտության վերաբերյալ բոլոր փաստարկները ներկայացվեն, իսկ ընդդիմադիր դաշտը դարձյալ դեմ արտահայտվի դրա ընդունմանը, դա ուղղակիորեն կնշանակի, որ ընդդիմությունը դեմ է Ադրբեջանի հետ վերջնական և համապարփակ խաղաղության հաստատմանը։ Փաշինյանը նաև հաստատել է, որ մեծ է հավանականությունը, որ նոր Սահմանադրության նախագիծը հանրության դատին կհանձնվի արդեն նոյեմբեր ամսին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում