ԱՄՆ զինված ուժերը հարվածել են Օրմուզի նեղուցում գտնվող իրանական Քեշմ կղզուն
Կարդացեք նաև
ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Օրմուզի նեղուցում գտնվող իրանական Քեշմ կղզուն այն բանից հետո, երբ Իրանի զինվորականները կրակ են բացել ամերիկյան թռչող ապարատի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է «Fox News» հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Ըստ հրապարակված տվյալների՝ հարվածը կրել է «պաշտպանական» բնույթ և չի նշանակում ԱՄՆ-ի կողմից Իրանին կանոնավոր ռազմական հարվածների վերսկսում կամ նոր էսկալացիայի սկիզբ։
Ավելի վաղ իրանական «IRNA» գործակալությունը, հղում անելով տեղական աղբյուրներին, հայտնել էր Քեշմ կղզում տեղի ունեցած առնվազն հինգ պայթյունի մասին։ Տեղի բնակիչների փոխանցմամբ՝ պայթյունների պահին երկնքում նկատվել է երկու թռչող ապարատ։ Միջադեպի մասին առաջինը հայտնած «The Wall Street Journal» պարբերականի աղբյուրները նույնպես հաստատել են գործողության պաշտպանական բնույթը՝ նշելով, որ հարվածի նպատակն է եղել զրկել Իրանին Օրմուզի նեղուցում առևտրային նավերի վրա անարգել հարձակվելու հնարավորությունից։ Ի տարբերություն նախորդ փուլերի, Վաշինգտոնն այս անգամ պաշտոնապես չի հայտարարել հարվածների մասին, իսկ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) դեռևս մեկնաբանություն չի տարածել։ Զուգահեռաբար, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Օրմուզի նեղուցից արևելք ամերիկյան MQ-9 հետախուզահարվածային դրոնը կործանելու և Քեշմ կղզուց հարավ երկու MQM-170 դրոն որսալու մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում