Ռեկորդային 51 կարմիր քարտ և 40-րոպեանոց ծեծկռտուք․ աղմկահարույց ֆուտբոլային հանդիպում Բրազիլիայում
Կարդացեք նաև
Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգի U-20 երկրորդ դիվիզիոնի առաջնության «Ուբերլանդիա» — «Մամորե» հանդիպումն ավարտվել է ֆուտբոլային պատմության ամենամեծ սկանդալներից մեկով։ Խաղի 54-րդ րոպեին մրցավար Ֆերնանդու Պատրիկը «Ուբերլանդիայի» ֆուտբոլիստ Լուիկե Բիսպո դոս Սանտոսին կարմիր քարտ է ցույց տվել ոչ խաղային դրվագում մրցակցի որովայնին հարվածելու համար։ Որոշումից հետո տանտերերի մարզչական շտաբն ու ղեկավարությունը նետվել են մրցավարի վրա՝ սպառնալով ֆիզիկական հաշվեհարդարով, ինչի պատճառով հանդիպումը ժամանակավորապես դադարեցվել է։
Խաղի վերսկսումից ընդամենը երկու րոպե անց «Մամորեն» հաշիվը դարձրել է 3:1, ինչից հետո գոլի հեղինակ Դավի Ֆերնանդեշ Բիտենկուրը վազել է մրցակցի պահեստայինների նստարանի կողմը և սկսել հնչեցնել սադրիչ արտահայտություններ։ Դրան հետևել է մասսայական ծեծկռտուք, որին մասնակցել են գրեթե բոլոր ֆուտբոլիստներն ու թիմերի ներկայացուցիչները։ Իրավիճակը հանդարտեցնելու համար դաշտ է հրավիրվել ռազմական ոստիկանության բրիգադ։ Շուրջ 40 րոպե տևած բախումների ընթացքում էականորեն վնասվել են մարզադաշտն ու տրիբունատակային հատվածը, իսկ մրցավարն արձանագրությունում գրանցել է ռեկորդային՝ 51 կարմիր քարտ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում