Հայաստանի և Իրանի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները. Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահին

Հայաստանի և Իրանի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները. Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական երկկողմ օրակարգին, տնտեսական գործակցությանը և տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող առանցքային հարցեր։

Կառավարության ղեկավարը ողջունել է Իրանի փոխնախագահի այցը՝ կարևորելով Հայաստան–Իրան միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրները հաջողությամբ իրականացնում են համատեղ ծրագրեր տարբեր ուղղություններով, ինչը մեծապես նպաստում է երկկողմ կապերի զարգացմանն ու ընդլայնմանը։

Իր հերթին Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները և ընդգծել Հայաստանի հետ փոխգործակցության խորացման ուղղությամբ Թեհրանի հանձնառությունը։

Զրուցակիցները մանրամասն անդրադարձել են Հայաստան–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացմանը, ճանապարհաշինական համատեղ նախագծերին, ինչպես նաև էներգետիկայի, գյուղատնտեսության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության օրակարգին։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների և դրանց արդյունքում բացվող նոր հնարավորությունների շուրջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում