Զինվորի կոշտ հիշեցումը Պենտագոնի ղեկավարին. Արլինգթոնի սկանդալային միջադեպը
Կարդացեք նաև
Արլինգթոնի ազգային գերեզմանատանը տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հերթապահ զինվորը ստիպված էր եղել հանրային հիշեցում անել պաշտպանության նախարար Պետ Հեգսեթի գլխավորած պատվիրակությանը, արժանացել է լայն հասարակական արձագանքի։
Վետերանների օրը ԱՄՆ պաշտպանության նախարարը, նրա տիկինը և բարձրաստիճան խորհրդականները լուսանկարվելու նպատակով գտնվել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ, երբ տարածքում բարձր ձայներ և ծիծաղ են հնչել։ Տեսագրությունում հստակ երևում է, թե ինչպես է հերթապահ զինվորը անմիջապես շրջվում և կարգի հրավիրում ներկաներին՝ հիշեցնելով, որ բոլոր այցելուները պարտավոր են անշեղորեն պահպանել լռությունն ու հարգանքը։
Ավելի ուշ Պենտագոնի գլխավոր մամուլի քարտուղար Շոն Փարնելը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ զինծառայողը լիովին ճիշտ է վարվել։ Նրա խոսքով՝ այս խորհրդանշական օրը զինվորը կոռեկտ և հարգալից կերպով հիշեցրել է բոլորին կարգ ու կանոնի մասին, իսկ նախարարությունն իր հերթին անսասան է մնում զինվորական սրբությունների նկատմամբ հարգանքի հարցում։
Արլինգթոնի գերեզմանատան կանոնակարգը խստագույնս պահանջում է բացարձակ լռություն և զսպվածություն ցանկացած այցելուից։ Անհայտ զինվորի հուշահամալիրը, որտեղ շուրջօրյա հսկողություն են իրականացնում 3-րդ հետևակային գնդի զինծառայողները, ԱՄՆ-ի ամենասուրբ զինվորական վայրերից է։ Ինչպես նշում են ամերիկյան լրատվամիջոցները, հերթապահների կողմից նման դիտողություններն այցելուներին լինում են պարբերաբար՝ օրական մի քանի անգամ, սակայն այս դեպքում ուշադրության կենտրոնում հայտնվեց հենց երկրի ռազմական գերատեսչության ղեկավարությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում