Deutsche Bank-ի արտահոսքը. Բաքվում Թրամփի նախագծի հետ կապված փոխանցումները կապել են «Ադրբեջանական լվացքատան» հետ

Deutsche Bank-ի արտահոսքը. Բաքվում Թրամփի նախագծի հետ կապված փոխանցումները կապել են «Ադրբեջանական լվացքատան» հետ

Գերմանիայի խոշորագույն բանկի՝ Deutsche Bank-ի փաստաթղթերի արտահոսքի համաձայն՝ 2014–2020 թվականներին բանկը բազմիցս կասկածելի է համարել Բաքվում Դոնալդ Թրամփի հյուրանոցային նախագծի հետ առնչվող երկու ընկերության հաշիվներին ստացված վճարումները։ Ըստ հրապարակման՝ գումարների մի մասը փոխանցվել է «Ադրբեջանական լվացքատուն» անունով հայտնի փողերի լվացման սխեմայի հետ կապված կառույցներից։ Այս մասին հայտնում է JAMnews-ը՝ հղում անելով նոյեմբերի 17-ին հրապարակված «Inside Deutsche Bank» միջազգային լրագրողական հետաքննությանը։

Ինչպես նշում է լրատվամիջոցը, հետաքննությանը մասնակցել են ավելի քան 50 լրատվամիջոցների 200-ից ավելի լրագրողներ, իսկ Ադրբեջանին նվիրված հատվածը հրապարակել է ռուսալեզու «Важные истории» (iStories) պարբերականը։ Լրագրողների տրամադրության տակ են հայտնվել բանկի ավելի քան 15 միլիոն ներքին ֆայլեր՝ ներառյալ էլեկտրոնային նամակագրությունը, հաճախորդների փաստաթղթերը և ռիսկերի գնահատման նյութերը, որոնք Հնդկաստանի և Հարավային Աֆրիկայի լրագրողներին են փոխանցել երկու իրազեկողներ։

JAMnews-ի փոխանցմամբ՝ թեև Բաքվում Թրամփի կիսակառույց երկնաքերի մասին նախկինում բազմիցս է գրվել, այս հետաքննության առանցքում այլ հարցեր են. որտեղից են եկել բանկի կողմից կասկածելի համարված միջոցները և ինչ են բացահայտում այդ տվյալները «Ադրբեջանական լվացքատուն» սխեմայի վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում