Ջեյհուն Բայրամովն արձագանքել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի հրապարակմանը

Ջեյհուն Բայրամովն արձագանքել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի հրապարակմանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն իր իտալացի գործընկեր Անտոնիո Տայանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագծին՝ նշելով, որ հրապարակված տեքստում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չկան։ Ըստ ԱՊԱ գործակալության փոխանցման՝ Բայրամովը շեշտել է, որ Բաքվի համար միակ կարևոր հարցը հենց նման պահանջների բացակայությունն է։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի շրջանակում, իսկ դրա նախաբանն ու 17 հոդվածները հիմնված են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա։ Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանը բացահայտ հայտարարել է, որ պատրաստ է վերջնականապես ստորագրել փաստաթուղթը միայն այն դեպքում, եթե Հայաստանի Սահմանադրությունից վերացվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։

Խոսելով ներկայացված սահմանադրական առաջարկի մասին՝ Բայրամովը նշել է, որ դա Հայաստանի ներքին գործընթացն է, և դրա իրականացման ժամկետների որոշումը Բաքվի հնարավորություններից դուրս է։ «Մեզ համար միակ կարևոր հարցը նոր Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունն է։ Դատելով հրապարակված տեքստից՝ ներկայումս դրանում նման պահանջներ չկան։ Մենք դա շատ բարձր ենք գնահատում»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում