ԵՄ-ն նոր ռազմական հիմնադրամ է պատրաստում
Կարդացեք նաև
Եվրոպական միությունը մշակում է տասնյակ միլիարդավոր եվրոյի վարկերի ու դրամաշնորհների նոր փաթեթ, որը պետք է օգնի անդամ պետություններին փոխարինել ներկայում ԱՄՆ-ից գնվող որոշ սպառազինություններ ու ռազմական կարողություններ և նվազեցնել ռազմական կախվածությունը Վաշինգտոնից։ Այս մասին նոյեմբերի 27-ին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ։
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ նոր հիմնադրամի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին պաշտպանելու ԱՄՆ-ի պատրաստակամության շուրջ եվրոպացի պաշտոնյաների աճող կասկածներով, ինչպես նաև Ռուսաստանից բխող աճող սպառնալիքով։
Ըստ Bloomberg-ի՝ ֆինանսավորման նոր փաթեթը կդառնա անցյալ տարվա SAFE ծրագրի շարունակությունը, որի ծավալը կազմել է 150 մլրդ եվրո։ Այդ հիմնադրամի շրջանակում ԵՄ երկրները հնարավորություն էին ստացել մատչելի ֆինանսավորում ստանալ հրատապ պաշտպանական կարիքների համար։
Նոր հիմնադրամի ճշգրիտ ծավալը դեռ հստակեցված չէ, սակայն ենթադրվում է, որ այն կսկսի գործել 2027 թվականի երկրորդ կեսից և կներառի միջոցներ ԵՄ հաջորդ յոթամյա բյուջեից։ Ծրագրի վերջնական ձևավորումը կախված կլինի ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ բանակցություններից, որոնց ընթացքում կորոշվեն առաջնահերթ պաշտպանական կարիքները՝ հաշվի առնելով մայրցամաքում ԱՄՆ-ի ռազմական ներկայության կրճատումը։
Գործակալության տվյալներով՝ ԵՄ-ն արդեն առանձնացրել է համատեղ ներդրումների մի շարք առաջնահերթ ոլորտներ, այդ թվում՝ հետախուզությունը և հակաօդային ու հակահրթիռային ինտեգրված պաշտպանությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում