Շվեյցարիան թույլ է տալիս զենք տալ պատերազմող երկրներին և արգելում հրավառությունը
Կարդացեք նաև
Շվեյցարիայում կայացած հանրաքվեի ընթացքում ընտրողների մեծամասնությունը պաշտպանել է սպառազինության արտահանման կանոնների մեղմացումը և աղմկոտ մասնավոր հրավառությունների արգելքը։ Նախնական հաշվարկներով՝ առաջին առաջարկին կողմ է արտահայտվել քվեարկության մասնակիցների 54 տոկոսը, իսկ երկրորդ նախաձեռնությունը հավանության է արժանացել ձայների 61 տոկոսով։
Նոր կանոնները պետք է հեշտացնեն շվեյցարական զենքի և ռազմական արտադրանքի արտահանումը գործընկեր 36 երկիր, ներառյալ Եվրամիության պետությունները, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը։ Մի շարք դեպքերում գնորդներն այլևս ստիպված չեն լինի Բեռնից թույլտվություն ստանալ ձեռք բերված արտադրանքը երրորդ երկրներ փոխանցելու համար։ Որոշակի պայմանների առկայության դեպքում սպառազինություն կարող է մատակարարվել նաև զինված հակամարտություններում ներգրավված պետություններին։
Թեև բարեփոխման օգտին հիմնական փաստարկներից մեկը դարձել էին Շվեյցարիայի և Գերմանիայի միջև տարաձայնությունները՝ կապված 2022 թվականին Կիևին շվեյցարական արտադրության զինամթերք փոխանցելու Բեռլինի մտադրության հետ, ինչին լեռնային համադաշնության իշխանությունները հրաժարվել էին համաձայնություն տալ, Ուկրաինայի համար այս որոշումը ոչինչ չի փոխում, նշում է Der Spiegel-ը։ Ուկրաինան ընդգրկված չէ գործընկեր երկրների ցանկում, և այնտեղ շվեյցարական զենքի մատակարարումները նախկինի պես արգելված են։
Հանրաքվեի մեկ այլ առանցքային հարց էլ աղմկոտ մասնավոր հրավառությունների արգելքն էր։ Արշավի նախաձեռնողները վկայակոչում էին աղմկոտ պիրոտեխնիկայի պատճառով մարդկանց և կենդանիների մոտ առաջացող սթրեսը։ Նոր կանոնները ակնկալվում է ներդնել առաջիկա երկու տարվա ընթացքում, մինչդեռ պաշտոնական տոնական հրավառությունները կմնան թույլատրելի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում