Ուկրաինան պատրաստ է կանգ առնել ճակատի գծում. խոսքը «շատ մեծ փոխզիջման» մասին է

Ուկրաինան պատրաստ է կանգ առնել ճակատի գծում. խոսքը «շատ մեծ փոխզիջման» մասին է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոյեմբերի 29-ին՝ կիրակի օրը, կատարական Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ Կիևը պատրաստ է դիտարկել կրակի դադարեցումը ճակատի ներկայիս գծով և անցնել խաղաղ բանակցությունների։ Նրա խոսքով՝ դա ենթադրում է կանգ առնել հենց այնտեղ, որտեղ կողմերն այժմ գտնվում են, ինչը Զելենսկին բնութագրել է որպես «շատ մեծ փոխզիջում»։

Ուկրաինայի ղեկավարը դիվանագիտական կարգավորման պատրաստակամությունը կապել է այն հանգամանքի հետ, որ Մոսկվան «չի ցանկանում հեռանալ մեր հողից»։ Զելենսկին զգուշացրել է, թե ռուսական ուժերի փորձերը գրավել Ուկրաինայի տարածքի ևս 6 հազար քառակուսի կիլոմետր կարող են արժենալ «մեկ միլիոն զինվորականի» կյանք։ Նա նաև ակնկալիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կկարողանա նպաստել պատերազմի ավարտի ուղիներ գտնելուն։

Այս հայտարարությունները հնչում են նոյեմբերի սկզբին ԱՄՆ-ի միջնորդությամբ Աբու Դաբիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսումից հետո։ Ավելի վաղ՝ ՌԴ, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում, Վլադիմիր Պուտինը պատմել էր, որ քննարկել է մասնակի զինադադարի հնարավորությունը ՌԴ Անվտանգության խորհրդի հետ, սակայն հրաժարվել է այդ մտքից Ղրիմի կամրջի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածներից հետո։

Միաժամանակ շարունակվում են քննարկումները նաև մեկ այլ՝ մինչև Սուրբ Ծնունդ հնարավոր նոր հրադադարի շուրջ։ Նոյեմբերի 21-ին ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Fox News-ի եթերում հայտնել էր, որ Վաշինգտոնի, Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչները նման հնարավորություն են քննարկում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Մելանյա Թրամփը առանցքային միջնորդական դեր էր ունեցել Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում հումանիտար առաքելության կազմակերպման գործում։

Թեև Մոսկվան և Կիևը դեռ պաշտոնական արձագանք չեն տվել ԱՄՆ առաջին տիկնոջ կողմից հիշատակված նախաձեռնությանը, հումանիտար ուղղությամբ առաջարկներ արդեն հնչել են։ Մասնավորապես՝ նոյեմբերի կեսերին Վլադիմիր Պուտինը առաջարկել էր համատեղ հումանիտար գործողություն իրականացնել Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա բնակավայրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում