Չորս ֆեդերացիաներ հանձնարարականներ են ստացել

Նմանատիպ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, նախարարի տեղակալ Արտաշես Նազարյանը, աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանը և համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները դեկտեմբերի 16-ին, լսել են Գեղասահքի, Կանոէի, Աթլետիկայի, Առագաստանավային սպորտի և Հանդբոլի ֆեդերացիաների տարեվերջյան հաշվետվությունները:
Նախարարության պաշտոնական կայքը հաղորդում է, որ մարզաձևերի պատասխանատուների և հավաքականների ավագ մարզիչների ներկայացրած հաշվետվությունների մեջ ներառված էին տեղեկություններ 2014 թվականի մարզական միջոցառումներին ուղղված պետական բյուջեի ֆինանսական հատկացումների և ֆեդերացիաների կողմից կատարված ֆինանսավորման չափի վերաբերյալ: Տեղեկատվություն է ներկայացվել նաև 2014 թվականի հավաքական թիմերի պատրաստման օրացուցային պլանի, կենտրոնացված ուսումնամարզական գործընթացի կազմակերպման, մանկապատանեկան մրցումների (առաջնություններ, մրցաշարեր) անցկացման և հակադոպինգային սպասարկման ապահովման մասին:
Հաշվետվությունների լսումներն ամփոփվելուց հետո, ֆեդերացիաների ներկայացուցիչներին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ, մասնավորապես՝
Հայաստանի Հանրապետության գեղասահքի ֆեդերացիան պետք է երեխաներին արտերկիր վերապատրաստման ուղարկելու ծրագիր պատրաստի: Հայկական ազգային կանոէի ֆեդերացիան պետք է ուսումնասիրի և ներկայացնի մարզաբազա ունեցող այն ԱՊՀ երկրների ցանկը, որտեղ հնարավոր է անցկացնել ուսումնամարզական հավաքներ:
Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան պետք է սպորտային քայլք մարզաձևը զարգացնելու ուղղությամբ ծրագիր կազմի: Հայաստանի Հանրապետության հանդբոլի ֆեդերացիան պետք է ներկայացնի այն տարածաշրջանների ցանկը, որտեղ առկա մարզադահլիճային պայմանները հնարավորություն են տալիս մարզաձևը զարգացնել և ուշադրություն դարձնի լողափնյա հանդբոլի զարգացման ու մասսայականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում