«Օրրան» բարեգործական ՀԿ-ն հայտնել է Հայաստան ժամանած սիրիահայերին աջակցելու իր պատրաստակամության մասին

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ հանդես գալով Հայաստան վերադարձած կարիքավոր սիրիահայ հայրենակիցներին աջակցություն տրամադրելու պատրաստակամությամբ: Հաղորդագրության մեջ որում մասնավորապես ասվում է.

«Հայաստան դարձած սիրիահայ սիրելի հայրենակիցներ,

Խոր անհանգստությամբ ենք հետևում Սիրիայում քաղաքացիների կյանքին սպառնացող արյունալի իրադարձություններին և դժվարություններին:

Ցավում ենք, որ առայժմ ստիպված եք եղել թողնել ձեր օջախները մի երկրում, որ իր դռներն է բացել Եղեռնից և մեծ հայրենազրկումից մազապուրծ եղած մեր հայրենակիցերին՝ մեր պապերին: Թերևս այս պարագայում բոլորիս միակ մխիթարանքն այն է, որ դուք այժմ ձեր Հայրենիքում եք՝ անվտանգության մեջ և շրջապատված սրտացավ ու հարազատ արյունակիցներով:

Ծանր այս օրերին «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը ևս իր զորակցությունը, հոգատարությունն ու սերն է հայտնում ձեզ և սիրով պատրաստ է ձեր մեջ գտնվող կարիքավոր մեծահասակներին և երեխաներին ընդգրկելու իր ամենօրյա սննդի ծրագրում:

Դիմեք մեզ ք.Երևան, Առաջին Եկմալյան 6 հասցեով կամ զանգահարեք (010) 53 51 67 հեռախոսահամարով:

Սիրով՝
Արմինե Հովհաննիսյան
«Օրրան» բարեգործական ՀԿ հիմնադիր»

Հետևեք մեզ նաև Telegram-ում