Մանկական երկաթուղու վերանորոգումը կավարտվի մինչև Երկաթուղայինների օրը՝ օգոստոսի 5-ը

Երևանի մանկական երկաթուղին վերանորոգվում է, որն իրականացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն: Այս մասին տեղեկացնում են ընկերության լրատվական ծառայությունից:

Աղբյուրի համաձայն՝ վերականգնողական աշխատանքները Մանկական երկաթուղում անցկացվում են 2 փուլով: Առաջին փուլում իրականացվում են կայարանների, շարժակազմի և գծերի վերանորոգման և արդիականացման աշխատանքները, երկաթուղու անվտանգության ապահովման միջոցառումները: Մասնավորապես, ՀԿԵ-ի մասնագետները վերանորոգել են Մանկական երկաթուղում շահագործվող շոգեքարշն ու ջերմաքարշը, երեք ամառային վագոնները: Նաև իրականացվում է երկաթուղու 1,2 կմ գծերի վերանորոգումը, մոտակա տարածքների բարեկարգումը:

Ծրագրի առաջին փուլը կավարտվի մինչև Երկաթուղայինների օրը, որն այս տարի նշվում է օգոստոսի 5-ին:

Երկրորդ փուլի շրջանակներում արդեն սեփականատիրոջ ուժերով վերանորոգվելու է Մանկական երկաթուղու կայարանի շենքը: Ներկայումս, ինչպես տեղեկացնում են ընկերությունից, մշակվում է մանկական ուսումնական կենտրոնի ստեղծման հայեցակարգ, որտեղ մանուկները կծանոթանան երկաթուղային մասնագիտությունների առանձնահատկություններին, երկաթուղային տեխնոլոգիային և այլ հարցերի:

Երևանում մանկական երկաթուղին բացվել է 1937 թվականի հունիսի 9-ին: Երկաթուղում գործում է 2 կայարան (Հայրենիք և Պիոներական), 1 կառամատույց (Ուրախություն) և 45 մետր երկարություն ունեցող մեկ թունել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում