Թուրքիայում հայ կնոջ սպանության գործով հերթական դատական նիստն է կայացել

Թուրքիայում հայ կնոջ սպանության գործով հերթական դատական նիստն է կայացել

Ստամբուլի հայկական Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց վրա հարձակման և նրանցից մեկի` Մարիցա Քյուչուքի գործով տեղի է ունեցել հերթական դատական նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, նիստին ներկա է եղել Քյուչուքի ընտանիքի փաստաբան Էրեն Քեսքինը, իսկ մեղադրվող Մուրադ Նազարյանի իրավապաշտպանը չի մասնակցել լսումներին:

Նիստի ժամանակ Քեսքինը հիշեցրել է, որ դատական վերջին զեկույցն ապացուցել է իրենց թեզն առ այն, որ հանցագործությունը չի կատարվել մեկի կողմից, քանի որ հայտնաբերվել են նաև այլ անձանց պատկանող արյան հետքեր: Հայտարարելով, որ որստիկանությունը անհրաժեշտ ձևով ապացույցեր չի հավաքել` Քեսքինը հայտնել է, որ դա ևս հանցանք է, և իրենք գնալու են դրա հետքերով: Փաստաբանը պահանջել է իրավապահ մարմիններից հայտնաբերել, թե ովքեր են հանցագործության մյուս մասնակիցները:

Դատարանը վճռել է կարգադրել անվտագության վարչությանն ու ժանդարմերիային պարզել, թե ում են պատկանում հանցանքի վարում հայտնաբերված մյուս հետքերը: Մուրադ Նազարյանին շարունակելով պահել կալանքի տակ` որոշում է կայացվել դատական նիստը հետաձգելու մասին:

Հանցագործը կամ հանցագործները չորս տարեց հայ կանանց վրա առաջին հարձակումը գործել են 2012 թ. դեկտեմբերի 27-ին` Թուրֆանդա Ա-ի նկատմամբ: Նրանք մտել են միայնակ բնակվող կնոջ բնակարան, ծեծի ենթարկել նրան և տարել նրա թանկարժեք զարդերը: Դեկտեմբերի 28-ին սպանել են Մարիցա Քյուչյուքին: Մեկ ամիս հետո` 2013 թ. հունվարի 22-ին ներխուժել են 83-ամյա Սուլթան Այքարի տուն և նրան ևս ծեծի ենթարկել: Նրանք փողոցում հարձակվել և փորձել էին առևանգել ևս մեկ տարեց հայ կնոջ: Երկար հետաքննությունից հետո թուրքական ոստիկանությունը հարձակումների կասկածանքով ձերբակալել է հոգեկան խանգարումներ ունեցող ազգությամբ հայ Մուրադ Նազարյանին, ով հացաքննության ժամանակ ասել է, որ չի ճանաչում այդ կանանցից ոչ մեկին և չի հիշում, որ նման սպանություն և հարձակումներ է կատարել: Ավելի ուշ նա հայտարարեց, որ հանցագործության ժամանակ մենակ չի եղել, և իրեն ստիպողաբար են տարել դեպքի վայր: Հետագայում դատաբժշկական փորձաքննությունը ևս ցույց տվեց, որ դեպքի վայրում հայտնաբերվել են մի քանի մարդու հետքեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում