ԲՀԿ հայտարարություն. «Քաղաքական անբարոյականությունը քրոնիկ ախտորոշում է. Հմայակ Հովհաննիսյանի դեպքում՝ անբուժելի»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ որոշ գնահատականներ տալով Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին, որի առիթ են հանդիսացել Aravot.am-ին՝ Հմայակ Հովհաննիսյանի այսօր տված մեկնաբանությունները:

Մասնավորապես, Հովհաննիսյանը պատասխանելով մեկ այլ լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ արված «բիլակների գործադրում» արտահայտության վերաբերյալ Aravot.am-ի ճշտող հարցին, թե իրեն ծեծե՞լ են, առյուծի նկա՞ր են ցույց տվել, թե այլ բան են արել, ասել էր. «Բանդիտների երկրում ենք ապրել, նորությո՞ւն եմ ասել: Ոչ ոք իրավունք չունի այս երկրում մտածելու: Ես ինչի՞ համար էի առաջադրվել, որ ինքնաբացարկ հայտարարե՞մ: Ստիպել են»: Հովհաննիսյանը, պատասխանելով ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի վերաբերյալ հարցին, նրան նաև անվանել էր «զազրելի արարած»:

ԲՀԿ հայտարարության մեջ ասված է.

«Այն, որ Հմայակ Հովհաննիսյանը ներկայացված է եղել ԲՀԿ համամասնական ցուցակում, բնականաբար, դա եղել է Գագիկ Ծառուկյանի առաջարկով, և այլ կերպ չէր էլ կարող լինել։ Այս մասով Հմայակ Հովհաննիսյանն, իհարկե, չի ստում։

Ինչ վերաբերում է մնացյալին, ապա սույն գործիչը կարող էր մինչև վերջ անկեղծ լինել և խոստովանել, թե որո՞նք էին իրական պատճառները, որ վերջինս ինքնաբացարկի դիմում գրեց։ Իսկ պատճառն այն էր, որ հերթական անգամ, ինչպես իր քաղաքական կարիերայի ողջ ընթացքում, Հմայակ Հովհաննիսյանը բացահայտեց քաղաքական լարախաղացի իր հմտությունները, փորձելով մանևրել քաղաքական տարբեր ուժերի միջև։ Բնականաբար, կան այս ամենի փաստական ապացույցները, որոնք ներկայացվել են հենց իրեն և Հմայակ Հովհաննիսյանը, իր քաղաքական անպարկեշտությունն ապացուցող լրջագույն փաստերի ներքո, լուռ և ինքնակամ ներկայացրել է ինքնաբացարկի իր դիմումը։

Իհարկե, Հմայակ Հովհաննիսյանի դեպքում քաղաքական պարկեշտությունից խոսելը երևի թե ավելորդ է, սակայն մարդ առնվազն տարրական երախտագիտության զգացում պիտի ունենա իրեն մշտապես և տևականորեն անշահախնդիր ֆինանսական և նյութական աջակցություն ցուցաբերած, իրեն քաղաքական դիակ դառնալուց փրկելու փորձեր արած գործչի հանդեպ։ Սակայն, երևի թե ճիշտ է հայտնի այն իմաստնությունը, որ քաղաքական անբարոյականությունը քրոնիկ ախտորոշում է, և ինչպես պարզվեց Հմայակ Հովհաննիսյանի դեպքում՝ անբուժելի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում