«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը ներկայացրել է Գյումրիի զարգացման ծրագիրը

Գյումրու Կինո «Հոկտեմբերի» դահլիճում «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը հանրությանն է ներկայացրել իր և ավագանու անդամության իր 7 թեկնածուների մշակած’ Գյումրու զարգացման ծրագիրը: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության տարածած հաղորդագրությունից: Նման նախաձեռնությունը ընդհանրապես աննախադեպ լինելուց զատ, բացառիկ է ավագանու անդամության մեծամասնական թեկնածուների թիմի համար, որոնք ընտրություններում միմյանց մրցակից լինելով, քաղաքի արմատական բարեփոխման համար միասնական ծրագիր են մշակել: Ծրագրի կազմմանը մասնակցել են «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության մի քանի տասնյակ ակտիվիստ: Այս ծրագիրը իր մեջ պարունակում է Գյումրու առաջիկա 15-20 տարիների հիմնական մարտահրավերների պատասխանները:

Ծրագրի հայեցակարգային ուղղություններից են բյուջեն ինքնահոսայինից ծրագրային դարձնելու գաղափարը, քաղաքապատկան’ քաղաքապետարանի ենթակայության մի շարք սպասարկման և արտադրական տնտեսությունների վերականգնումը կամ զարգացումը, անօթևանության հիմնախնդիրը վերջնականապես հաղթահարելու գործը, մարդակենտրոն քաղաքային մշակույթի և կյանքի կառուցումը, քաղաքի կենտրոնական մասի և մյուս գրեթե բոլոր թաղամասերի կենսական միջավայրի կոնտրաստի նվազեցումը՝ հօգուտ արվարձանների, արտաքին կապերի զարգացումն ու քաղաքի սնուցման այլընտրանքային աղբյուրների ձևավորման խնդիրները:

Ծրագրում նախանշված խնդիրներն ու աշխատանքները երեք տիպի են’ գործեր, որոնք միայն Ավագանու, համայնքապետի և իր աշխատակազմի անելիքն են, գործեր, որոնք Ավագանու և զանազան պետական ու ոչպետական, տեղական և օտարերկրյա կազմակերպությունների, դիվանագիտական և միջազգային առաքելությունների անելիքներն են, և գործեր, որոնցում Ավագանու դերը կարող է խորհրդանշական թվալ. որոշ խնդիրների կարգավորման համար Ավագանուն լայն քարոզչական առաքելություն է վերագրվել ծրագրում’ անհրաժեշտ ուղղություններով և մակարդակներում:

Այս ծրագիրը, որպես փաստաթուղթ, հրապարակվելու պահից բաց է հասարակության համար’ ցանկացած որակի օգտագործման համար, բացառությամբ շահույթի հետապնդումը: Այս ծրագիրը չի հավակնում վերին ատյանի ճշմարտության, այն կարող է լրամշակվել շարունակ, սրանից կարող են օգտվել մեր և այլ համայնքների ՏԻՄ թեկնածուներ, իշխանությունը և ընդդիմությունը, կառավարությունը և խորհրդարանը, չի բացառվում, որ այս ծրագիրը լրամշակվի Գյումրու ավագանու և քաղաքապետի թեկնածուների նախընտրական ծրագրերից քաղված կամ ծնված գաղափարներով, այդ դեպքերում համապատասխան հղումներ կարվեն սկզբնաղբյուրներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում