Սիրիայի քրիստոնյա առաջնորդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Հալեպում շաբաթ օրը Սիրիայի քրիստոնյա առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել, որում ասված է, թե իրենք հրաժարվում են «գաղթի ցանկացած տեսակից, որի կոչն անում են որոշ կողմեր», ինչպես նաև քննադատել են «սպառնալիքների լեզուն»: Այս մասին հայտնում է Akhbar-TS-ն:
Հայտարարության մեջ ասված է նաև, որ «միակ ընդունելին կառուցողական երկխոսության լեզուն է»: Համայնքի ղեկավարները հավաքվել են ասորական եկեղեցում, որտեղ հաստատել են՝ «քրիստոնյաները Սիրիայի բնիկներից են և մնալու են հայրենի հողում»:

Սիրիայի քրիստոնյաները, խաղաղության կոչ անելով հակամարտող կողմերին, քննադատել են «կրոնական ծայրահեղության ցանկացած դրսևորում:
Հոգևոր առաջնորդները հերքել են իրենց մասնակցությունը որոշ ժամանակ առաջ համացանցում տարածված «Հալեպի հոգևորականների ճակատին» վերագրվող «Հալեպի քրիստոնյաների և մուսուլմանների միջև անվտանգության և խաղաղ համագոյակցության մասին» վերնագրով հայտարարությունը, որով քրիստոնյաներն իբր կոչ են արել իրենց համայնքների ներկայացուցիչներին հանդես գալ «ազատ բանակի կողքին» և քննադատել «Ասադի ուժերի պատճառած ավերածությունները»:
Հայ Աառաքելական Եկեղեցու առաջնորդները ևս հանդես են եկել նույն հայտարարության կապակցությամբ ՝ ընդգծելով, որ նշված հայտարարությունը «կրոնական համայնքներին քաղաքականություն ներքաշելու փորձ է, քաղաքականության, որի հետ եկեղեցին կապ չունի»:
Անանուն աղբյուրները հայտնել են Akhbar-TS-ին, որ «հայկական համայնքը միշտ էլ բարձր է գնահատել այն, որ Հայոց ցեղասպանության շրջանում Սիրիայի ժողովուրդն ընդունել է հայ համայնքին և դեմ է ցանկացած տեսակի բռնության»: Աղբյուրը նաև հերքել է, թե «հայկական համայնքը առանձին համայնք է սիրիական հասարակության մեջ»՝ ընդգծելով, որ «Սիրիայի 3 գլխավոր համայնքների հիմքում հայկական ծագումով սիրիացիներն են, և հայերը Սիրիայի հանրույթի մի բաղադրիչն են»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում