Նոբելյան մրցանակակիր գիտնականները դասախոսություններով հանդես կգան Երևանում

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն իրականացնում են «Նոբելյան մրցանակակիրների հանրային դասախոսություններ Երևանում» ծրագիրը։

Ծրագրի շրջանակում նոյեմբերի 2-6-ը Երևանում դասախոսություններ կկարդան անվանի գիտնականներ՝ «Ֆիզիոլոգիա և բժշկություն» անվանակարգում բրիտանացի Նոբելյան մրցանակակիր, ասպետ Թիմ Հանթը և «Քիմիա» անվանակարգում Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտին Չալֆին: Երկու գիտնականների գիտական գործունեությունն առնչվում է մարդկության չարիք դարձած քաղցկեղ հիվանդության առաջացման դրդապատճառներին:

Դասախոսությունները հիմնականում ուղղված են կենսաբժշկության, մոլեկուլային կենսաբանության և հարակից ոլորտներում ներգրավված երիտասարդ գիտնականներին և ուսանողներին:

«Նոբելյան մրցանակակիրների դասախոսությունների կազմակերպման նպատակը ժամանակակից կենսաբժշկության և մոլեկուլային կենսաբանության նվաճումների ու խնդիրների ասպարեզում երիտասարդ գիտնականների տեղեկացվածության մակարդակը բարձրացնելն է, նրանց հնարավորություն տալ շփվել աշխարհահռչակ գիտնականների հետ։ Բացի այդ, ծրագրի միջոցով միջազգային գիտական հանրությանը կներկայացվի ՀՀ գիտական ներուժը, և բարձրացվի վերջինիս մրցունակությունը»,- նշվում է հիմնադրամի տարածած հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում