ԲՀԿ-ի հետ չշփվելու խնդիր չունեմ, կոմպլեքսավորված չեմ. Մարտուն Գրիգորյան.Tert.am

ԲՀԿ-ի հետ չշփվելու խնդիր չունեմ, կոմպլեքսավորված չեմ. Մարտուն Գրիգորյան.Tert.am

Tert.am-ի փոխանցմամբ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ Մարտուն Գրիգորյանն այսօր պատասխանել է լրագրողների հարցերին՝ իր և ԲՀԿ խմբակցությունում մնացած անդամների հետ հարաբերությունների, իր և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունների, նաև՝ հետագայում  խորհրդարանում իր կեցվածքի մասին:

-Գյումրիում քրեական իրավիճակը սրվել է, անգամ արդեն նշվում է՝ բանդիտական Գյումրի, հունվարյան դեպքերից հետո նոր հիմքեր կա՞ն քաղաքում քրեական տրամադրությունների սրման համար:

-Ձեր մեկնաբանության հետ բացարձակապես համամիտ չեմ՝ բանդիտական Գյումրի։ Գյումրու դեպքերից մի քանի օր անց էլ մայրաքաղաքում նմանատիպ դեպքեր են եղել, դեպքեր, որոնք լինում են ամբողջ Հանրապետությունով մեկ։ Կոնկրետ Գյումրուն վերագրել բանդիտական անվանումը, կարծում եմ՝ տեղին չէ: Ցավալի է, որ նման դեպքեր են կատարվում և երիտասարդներ են զոհվում, բայց, այնուամենայնիվ, նորից եմ ասում՝ սա ոչ քաղաքական թեմա է, ոչ էլ ինչ-որ կոնկրետ քաղաքի հետ կապված խնդիրներ են: Սա անձնական հողի վրա կատարված դեպքեր են, մանավանդ, որ դեռ էս պահին էլ նախաքննությունն է ընթանում:

-Այսօր  Վ. Պերմյակովին հանձնելու վերաբերյալ Զարուհի Փոստանջյանի նախագիծը  քննարկվեց ԱԺ-ում և մերժվեց հանրապետական մեծամասնության բոյկոտի պայմաններում:  ՀՀԿ-ն բացատրեց, թե ինչու է ձեռնպահ դիրքորոշումով հանդես գալիս: Այսուհանդերձ, կողմնակիցներն ասացին, որ այդ Պերմյակովին ՀՀ-ին հանձնելու մասին  ԱԺ հայտարարությունը քաղաքական ուղերձ կլիներ Ռուսաստանին: Որն է Ձեր անձնական տեսակետը՝ այս բանավեճի հետ կապված։

-Իմ տեսակետը ես քվեարկությամբ արտահայտեցի, ես կողմ քվեարկեցի, քանի որ կողմնակիցն եմ, որ Պերմյակովին հանձնեն հայկական կողմին և դատավարությունը տեղում իրականացվի, թեկուզ կալանքը Ռուսաստանում կրի: Եվ ես ավելացնելու բան չունեմ:

-Վախվորածություն չեք նկատո՞ւմ ԱԺ այս դիրքորոշման մեջ:

-Ես, ճիշտն ասած, իմ տեղում եմ, իմ անունից եմ խոսում, ես վախվորած լինելու որևէ պատճառ չունեմ: Իսկ ինչ վերաբերում է մեծամասնությանը, ապա իրենց հարցրեք, թող իրենց դիրքորոշումը հայտնեն:

– Պերմյակովի գործի քննության մասին ի՞նչ կասեք:

-Այս պահի դրությամբ որևէ լուրջ ինֆորմացիա չենք ստանում, բայց  սպասենք, քանի որ քննությունն ընթանում է։

-Չեք կարծո՞ւմ, որ ռուսական կողմը ռազմաբազային առնչվող գործի մի շատ կարևոր մաս թաքցնում է:

– Հիմնական մտավախությունը դրանում է, որ ինչն է պատճառը, որ հայկական կողմին հանցագործը չի փոխանցվում, հայկական կողմը քննություն չի իրականացնում: Էսպես ասենք՝ սկզբունքային առումով Պերմյակովին չփոխանցելը յուրաքանչյուր քաղաքացու մոտ կարող է նմանատիպ կասկած կամ մտավախություն առաջացնել, որ ինչ-որ բան կարող է գործի քննության ընթացքում թաքցվել: Բնական է, որ ես էլ՝ որպես ՀՀ քաղաքացի, Գյումրիիից ընտրված պատգամավոր, էդ նույն մտավախություններն ունեմ:

-Իսկ ինչպե՞ս եք շարունակելու շփվել ԲՀԿ-ի հետ:

– Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ չշփվելու խնդիր ես բացարձակապես չունեմ,  որևէ կերպ կոմպլեքսավորված չեմ, էնտեղի պատգամավորների հետ արդեն վեց տարուց ավել աշխատել եմ և հայտարարել եմ, որ պատրաստվում եմ համագործակցել բոլորի հետ: Նամանավանդ Գյումրու հետ կապված խնդիրներով:

-ԲՀԿ-ում ընթացող գործընթացները Ձեզ համար հասկանալի՞ են: Մանավանդ, որ եթե սկզբից խոսք էր գնում, որ առնետավազք է և այլն, ապա հիմա նշվում է, որ իրականում այս վերջին խումբ «պոկվողներն» այն մարդիկ են, որ դա անում են Գագիկ Ծառուկյանի հրահանգով, դժգոհ են,  ինչ-որ մութ պատմություններ կան, և այլն:

-Կառաջարկեի ավելի կոռեկտ արտահայտվեիք՝ պոկվողներ, չգիտեմ ինչ։ Ես չգիտեմ՝ ով է պոկվել, առնետավազքով զբաղվել, ես ընդամենը կարող եմ ասել, որ յուրաքանչյուրի անելիքն է, ամեն մեկն է որոշում իր անելիքը։ Եվ ես, ճիշտն ասած, բոլորի փոխարեն չեմ կարող ասել, թե ով ինչի համար է այդ քայլին գնացել, ես կոնկրետ արդեն մեկնաբանել եմ, որին ավելացնելու բան չունեմ: Կոնկրետ՝ ես ասել եմ, որ վեց տարի շարունակ աշխատել եմ Գագիկ Ծառուկյանի հետ՝ որպես կուսակցության նախագահի, այն ծրագրերը, ինչ-որ ունեցել եմ Գյումրու հետ կապված ներկայացրել եմ պարոն Ծառուկյանին և ԲՀԿ-ի հետ՝ Ծառուկյանի ղեկավարությամբ այդ ծրագրերը իրականացրել ենք։ Այսօրվա դրությամբ ԲՀԿ-ի հետ մնալով՝ Գյումրու կապված խնդիրներին վերջնական ու ավելի  լուրջ լուծումներ, գտնում եմ, որ չեմ կարող տալ և այս պահի դրությամբ որպես անկուսակցական պատգամավոր, ավելի շատ զբաղվելու եմ Գյումրու խնդիրներով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում