«Հրապարակ».«Դպրոցաշինություն» և քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-երը կղեկավարի վարչապետի հորեղբոր որդին

Կադրային փոփոխություններին զուգահեռ, կառավարությունում ընթանում են կառուցվածքային փոփոխություններ: «Հրապարակի» տեղեկություններով, կառավարության որոշմամբ միավորվել են տարածքային կառավարման նախարարության «Դպրոցաշինություն» և քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-երը, ու այս մեկ կառույցը դարձյալ վստահվել է Հրայր Սարգսյանին’ վարչապետի հորեղբոր որդուն, ով մինչ այս միավորումը ղեկավարում էր «Դպրոցաշինություն» ԾԻԳ-ը դեռևս 2000 թվականից, երբ այն Լինսի հիմնադրամին էր պատկանում: Նախկինում այն կոչվում էր «Աղետի գոտու» ԾԻԳ: Նույն հիմնադրամում կային երեք’ «Աղետի գոտու», «Ճանապարհաշինություն» և «Մշակութային օբյեկտների շինարարություն» ծրագրերի իրականացման գրասենյակներ: Երկու ԾԻԳ-երն ավելի վաղ փակվեցին, իսկ «Աղետի գոտին» դեռ շարունակում էր գործել: Երբ հիմնադրամը դադարեց ֆինանսավորվել, սակայն շինարարության ոլորտում վերահսկողություն իրականացնելու մեկ տարվա երաշխիք ուներ, այն ընդգրկվեց տարածքային կառավարման նախարարության կազմում արդեն որպես «Դպրոցաշինություն» ԾԻԳ: Ահա մոտ երկու ամիս առաջ էլ կառավարության որոշմամբ սա և քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-երը միավորվել են, ու մի առավել ազդեցիկ կառույցի ղեկավարն է դարձել վարչապետի ազգականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում