«Առավոտ». Ավելի կարևոր են մարդկային հատկանիշները, քան ազգային պատկանելությունը. խմբագրական

«Առավոտը» իր այսօրվա խմբագրականում գրում է. «Բուլղարական լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե իբր Բուլղարիա-Հայաստան խաղի ժամանակ մարզադաշտում մեր ֆուտբոլիստների հասցեին վանկարկում էին’ «գնչուներ», և մեր ֆուտբոլի ֆեդերացիան, ըստ այդ լուրերի, բողոք է ներկայացրել’ մեղադրելով բուլղարացի մարզասերներին ռասիզմի մեջ: Հայաստանում այդ լրատվությունը ոչ ոք չի հաստատում, բայց եթե նման վանկարկողներ իսկապես եղել են, ապա զարմանալի է, որ բարեկամ ժողովրդի մեջ կան մարդիկ, որոնք այդքան սխալ պատկերացումներ ունեն մեր ազգի մարդաբանական տիպի և կացութաձևի մասին: Բայց առավել կարևոր է, որ միջազգային ատյանները, այդ թվում’ ՖԻՖԱ-ն, չափազանց զգայուն են այդ խնդրի վերաբերյալ և իսկապես հաճախ պատժում են այն երկրներին, որոնց երկրպագուները ռասիստական դրսևորումներ ունեն: Օրինակ’ Եվրոպայի վերջին առաջնության ընթացքում Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է ոչ միայն ֆանատների խուլիգանության, այլև ռասիստական արարքների համար:
Թվում է, թե նման մոտեցումը ավելորդ եվրոպական «պոլիտկոռեկտություն» է: Բայց իրականում դա որոշակի մտածելակերպ է, արժեքային համակարգ, որի կանոններին երբեմն իրենք’ եվրոպացիները չեն հետևում, բայց մենք’ հայաստանցիներս, դրանք մինչև վերջ չենք ընկալել: Դրա վկայությունները բազմաթիվ են: Վերջերս Շիրակի մարզի Չորակապ գյուղում տեղի են ունեցել գյուղապետի ընտրություններ: Տեղի բնակիչները պնդում են, որ իր «վերարտադրությունն» ապահովելու համար գյուղապետը Ախալքալաքից մի քանի ժամով բերել էր գյուղում երբևէ չապրած, բայց գրանցում ունեցած մարդկանց, որոնք քվեարկել են իր օգտին, իսկ հետո վերադարձել Վրաստան: Շատ հնարավոր է, որ հենց այդպես էլ եղել էր: Բայց տեսեք, թե ինչ միջոցների են պատրաստ դիմել բողոքավորներից ոմանք. նրանք, իրենց պահանջը չբավարարելու դեպքում, սպառնում են փակել ճանապարհները [դա նորմալ է] և գյուղից վռնդել այն ախալքալաքցիներին, որոնք այնտեղ մի քանի տարի ապրում են’ սյուժեն եթեր է գնացել թե Գյումրիում, թե Երևանում: Այսինքն’ գյուղապետի հնարավոր ապօրինության համար պետք է պատասխան տան ոչ մի մեղք չունեցող մարդիկ:
Դե, հիմա համեմատեք այդ մոտեցումը նման մտածելակերպի համաշխարհային արտապատկերի հետ: Մահմեդականները դժգոհ են մնացել ինչ-որ ամերիկյան ֆիլմից, որը, իրենց կարծիքով, սխալ լույսի տակ էր ներկայացնում սեպտեմբերի 11-ը: Ո՞րն է դրա դեմ բողոքելու ձևը’ գնդակոծել և հրետակոծե՞լ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունները տարբեր երկրներում: Նույն տրամաբանությունն է:
Անձամբ ինձ համար ավելի կարևոր են մարդկային հատկանիշները, քան ազգային պատկանելությունը, առավել ևս’ «որտեղացի» լինելը: Այսինքն’ ես խնդիր չունեմ շփվելու ադրբեջանցիների հետ: Ես խնդիր ունեմ շփվելու այն մարդկանց հետ’ թեկուզ հայերի, որոնք գտնում են, որ կացնով քնած մարդուն սպանելը որևէ ձևով հնարավոր է արդարացնել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում