Խորհրդարանը քննարկում է «Հայփոստ»-ի մասնավորեցման օրինագիծը
Նմանատիպ
Ազգային ժողովը քննարկում է «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը վերաբերում է «Հայփոստ» ընկերության մասնավորեցմանը: Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ընդգծեց, որ ներկայումս «Հայփոստ»-ը կառավարվում է հավատարմագրային կառավարչի՝ «Հայփոստ թրասթ մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության կողմից, որի կառավարման ժամկետը, համաձայն պայմանագրի, ավարտվում է 2016թ. դեկտեմբերի 1-ին: «Ընկերության գործունեության հետագա բարելավման և հետագա արդիականացման համար անհրաժեշտ է իրականացնել երկարաժամկետ և մեծածավալ ներդրումներ: Ընկերության մասնավորեցումն էլ հենց ենթադրում է նման ներդրումներ ներգրավելու հնարավորություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:
Ընկերությունը մասնավորեցման ծրագրում ընդգրկելու նպատակն է մասնավորեցման ճանապարհով և ներդրումերի ներգրավման միջոցով նպաստել Հայաստանում փոստային կապի կայուն զարգացմանը, բարելավել փոստային կապի ծառայությունների որակը, վերականգնել և արդիականացնել ֆիզիկական ենթակառուցվածքները, ներդնել էլեկտրոնային փոստային համակարգ:
Ընկերության մասնավորեցումը կնպաստի Հայաստանի փոստային տարածքի ֆիզիկական ենթակառուցվածքի արդիականացմանը, Համաշխարհային փոստային միության կողմից նախանշված նպատակային ուղղությունների իրագործմանը, որոնց արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կունենա գործող, կենսունակ, արդիական և կայուն փոստային համակարգ, ֆիզիկական, ֆինանսական և էլեկտրոնային ցանցերի հասանելիություն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, միատեսակ արդիական ենթակառուցվածքի ապահովում ՀՀ բոլոր համայնքների բնակիչների համար ֆինանսապես կայուն ու զարգացող խոշ որ ընկերություն՝ իր կայուն աշխատատեղերով:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավատարմագրային կառավարման հանձնված «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը մասնավորեցնելու նախագծին հավանություն է տվել 2015թ. մայիսի 27-ին: «Հայփոստ»-ն առավել մրցակցային, թափանցիկ, արդյունավետ և հաշվետու դարձնելու նպատակով 2006թ. նոյեմբերի 30-ին ՀՀ կառավարության և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի (Հավատարմագրային կառավարիչ) միջև կնքվել էր պայմանագիր, որով ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքը հանձնվել էր կառավարման Հավատարմագրային կառավարչին` 5 տարի ժամկետով: 2012 թ. հուլիսի 10-ին կողմերի միջև կնքվել էր նոր համաձայնագիր, որով պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2016թ. դեկտեմբերի 1-ը: 2015թ. հունվարի 1-ի դրությամբ ընկերության աշխատակիցների թիվը կազմել է 2 հազար 959:
Հետևեք մեզ նաև Telegram-ում