«Առավոտ». էթիկան, էթիկետը, արարողակարգը զուտ ձևականություն չեն. խմբագրական

Արամ Աբրահամյանն «Առավոտի» այսօրվա խմբագրականում գրել է. «Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը երեկ’ նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի «թագադրման» արարողության ժամանակ, ասաց’ թող վրացիները գլուխ չգովեն, որ իրենք առաջինն են իշխանությունը խաղաղ, ընտրությունների միջոցով փոխանցում, իրականում առաջին անգամ դա տեղի է ունեցել Գյումրիում: Ցավոք սրտի, պարոն Գիզիրյանը սխալվում է. պարզապես նախորդ քաղաքապետն իր էքսցենտրիկ բնավորությամբ և քրեական հակումներ ունեցող զավակով սկսել է ազդել «նաչալստվայի» նյարդերին, որը և որոշեց փոխարինել նրան ավելի հավասարակշռված անձնավորությամբ: Դա իշխանության խաղաղ փոխանցում չէ: Բայց նույնիսկ այս պարագայում ես պատկերացնում եմ որոշ արարողակարգ, որը նախկին և ներկա քաղաքապետերը պետք է հարգեին: Սամվել Բալասանյանը և Աշոտ Գիզիրյանը պետք է ներկա լինեին Գյումրիի տոնին և միջոցառման ժամանակ կանգնեին Վարդան Ղուկասյանի կողքին’ ինչպիսին էլ նա լիներ: Վարդան Ղուկասյանը պետք է ներկա գտնվեր Բալասանյանի «օծման» արարողությանը և շնորհավորեր նրան’ անկախ նրանից, թե ինչպես է նոր քաղաքապետին վերաբերվում:
Ոմանց դա գուցե ձևականություն և դերասանություն թվա: Բայց հենց նման «ձևականություններն» են, որ տարեցտարի կրկնվելով’ դառնում են մշակույթ: Իմաստը հետևյալն է’ մենք նույն երկրի քաղաքացիներն ենք, նույն պետության պաշտոնյաները, և այդ կոչումը շատ ավելի բարձր է, քան մեր անձնական կամ, հնարավոր է, կուսակցական հակասությունները: Հայաստանում հակառակն է կրկնվում և ավանդույթ, մշակույթ դառնում, նա ով գնում է [համապետական, թե քաղաքային մակարդակով], իր կյանքի իմաստն է դարձնում ապացուցել, թե որքան հրաշալի էր իր ժամանակ, և ինչպես են նոր եկածներն ամեն ինչ փչացրել: Նոր եկածներն էլ, հակառակը, ամեն գնով ուզում են ապացուցել, թե որքան էր կյանքը սարսափելի «նախորդ հանցավոր ռեժիմի» ժամանակ, ինչ ծանր ժառանգություն են նրանք ստացել, և ինչպիսի հերոսական ջանքեր են պահանջվում’ այդ ամենը շտկելու համար:
Սկսած 1998 թվականից’ ընդդիմություն-իշխանություն պայքարը, մեծ հաշվով, հենց դրան է հանգում’ «բա մեր ժամանակ այդպե՞ս էր», «ձեր ժամանակ ավելի վատ էր»: Հասարակությունն էլ սովորում է, որ դա է «քաղաքական բանավեճերի» առանցքը, և երբ որևէ գործիչ կամ որևէ ուժ առաջարկում է երկրին առնչվող հարցերը քննարկել ըստ բովանդակության, այդ առաջարկը, պարզապես արհամարհվում է, և տվյալ ուժը կամ գործիչը հայտնվում են երկրորդական դերերում: Փոխարենը ինչպիսի հաճույքով է «քաղաքականացված» զանգվածը կլանում ՀՀԿ-ԲՀԿ երկխոսությունը, երբ երկու կուսակցությունների ներկայացուցիչներն իրար թունոտ «խորհուրդներ» են տալիս: Այնպես որ’ էթիկան, էթիկետը, արարողակարգը [ինչպես ուզում եք’ անվանեք] զուտ ձևականություն չեն: Դրանք իրական խնդիրները քողարկելու կամ բացահայտելու միջոց են»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում