Քրեակատարողական վարչությունը դեռևս չի ստացել Վարդան Պետրոսյանի աշխատանքային պայմանագիրը
Նմանատիպ
Դերասան Վարդան Պետրոսյանը դեռևս չի ներկայացրել աշխատանքային պայմանագիր ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը։ «Այս պահի դրությամբ` Վարդան Պետրոսյանը դեռևս չի ներկայացրել աշխատանքային պայմանագիր: Այն ներկայացնելուց հետո ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանձնաժողովը պետք է որոշում կայացնի` թույլատրելով նրան իր պատիժը կրել բաց ռեժիմով»,- այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից` հավելելով, որ օրենքով սահմանված չէ կոնկրետ ժամկետ ամբաստանյալի կողմից աշխատանքային պայմանագիրը ներկայացնելուց հետո բաց ռեժիմով պատժի կրումը թույլատրելու որոշումը կայացնելու համար:
Ավելի վաղ` Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ԶԼՄ-երին հայտնել էր, որ դերասանն արդեն թատրոնում աշխատելու հրավեր է ստացել` չնշելով թատրոնի անունը:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 2-ին որոշում կայացրեց դերասան Վարդան Պետրոսյանի պատիժը բաց ռեժիմով կրելու մասին: Սեպտեմբերի 2-ի երեկոյան նա «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է ժամանակավոր կացարան, որտեղ, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանձնաժողովի որոշմամբ, նա պետք է իր հետագա պատիժը կրի բաց ռեժիմով, իսկ բաց ռեժիմով պատիժ կրել կթույլատրվի, եթե Վարդան Պետրոսյանի հետ կնքվի աշխատանքային պայմանագիր:
Վերը նշված դեպքում` նա կարող է առավոտյան ժամը 8:00-ից մինչև երեկոյան ժամը 20.00-ն դուրս գալ քրեակատարողական հիմնարկից և երեկոյան սահմանված ժամին գիշերելու համար վերադառնալ քրեակատարողական հիմնարկ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում