Չեխական ավիաուղիները վերսկսում է Երևան-Պրահա չվերթները

Չեխական ավիաուղիները վերսկսում է Երևան-Պրահա չվերթները

Չեխական ավիաուղիները նախատեսում է 2015թ. դեկտեմբերի 13-ից վերամեկնարկել իր Երևան-Պրահա չվերթները: Ներկայում երթուղին շահագործվելու է բացառապես սեզոնային եղանակով` որոշակի կարճ ժամանակահատվածում ապահովելով Սուրբ Ծննդյան և Նոր տարվա ավանդական տոնակատարությունների ժամանակ փոխադրումները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Զվարթնոց» միջազգային օդանավակայնից, չեխական ավիաուղիները նախատեսում է իրականացնել շաբաթական երկու չվերթ Երևան-Պրահա և հետադարձ ուղղությամբ: Մեկնումը Երևանից կլինի երկուշաբթի և հինգշաբթի օրերին, առավոտյան ժամը 05:20-ին, վերադարձը Պրահայից` չորեքշաբթի և կիրակի օրերին, ժամը` 21:55-ին, որը «Զվարթնոց» միջազգային օդանավակայն կհասնի հաջորդ օրն առավոտյան ժամը 04:30-ին: Չեխական ավիաուղիները կոնկրետ օրերի համար` 2015թ դեկտեմբերի 26-ին, 2016թ. հունվարի 2-ին և 16-ին կավելացնի շաբաթական երրորդ հաճախականությունը` շաբաթ օրերին:

Երևան-Պրահա երթուղու չվացուցակը պլանավորված է այնպես, որայն թույլ տա ուղևորներին վայելելու կամ մեկշաբաթյա (երկուշաբթիից կիրակի) կեցություն Պրահայում կամ երկարատև հանգստյան օրեր (հինգշաբթիից կիրակի): Մեկնման ժամերը թե Երևանից, թե Պրահայից ճամփորդողներին թույլ են տալիս վայելել մի ամբողջ օր Պրահայում և մեկնելիս, և վերադառնալիս: Երևան-Պրահա չվերթներն իրականացվելու են Էյրբաս A319 ինքնաթիռով, որը ունի և էկոնոմ, և բիզնես կարգի նստատեղեր:

Առավոտյան` տրանսպորտի հոսքի ժամին, Պրահա ժամանելու շնորհիվ, Երևանից եկող ուղևորները կկարողանան Պրահայի միջոցով շարունակել իրենց ճանապարհը դեպի Չեխական ավիաուղիների մի շարք վերջնական նպատակակետեր, օրինակ` Փարիզ, Հռոմ, Բարսելոնա, Մադրիդ, Ամստերդամ, Բրյուսել, Ֆրանկֆուրտ, Դյուսելդորֆ և այլն:

«Ներկայումս Չեխական ավիաուղիների Երևանյան չվերթներն իրականացվելու են 2015թ. դեկտեմբերի 13-ից մինչև հունվարի 16-ը: Փորձելով վերականգնել դեպի Երևան չվերթները` մենք պետք է շատ ուշադիր լինենք` կիրառելով փուլ առ փուլ մոտեցում, քանի որ Հայաստանի շուկան չափազանց զգայուն է գնի նկատմամբ, իսկ փոխադրումների պահանջարկը սեզոնով պայմանավորված շատ անհավասարակշիռ է»,-նշել է Չեխական ավիաուղիների կոմերցիոն, միավորման և մարկետինգի գծով տնօրեն Ժան Տոթը:

«Ինչ վերաբերվում է չվերթների հետագա իրականացմանը, մենք ուսումնասիրել ենք 2016թ. ամռանը չվերթների իրականացման տարբեր մոդելներ, սակայն դեռ որևէ մոդել չի ընտրվել: Ամռանը չվերթների իրականացումը պետք է շատ լրջորեն ուսումնասիրվի և դրական որոշում կարող է կայացվել, եթե այն տնտեսապես արդարացված է երթուղու սպասարկման ամբողջ ժամանակաշրջանի համար»,-ավելացրել է նա:

Դեպի Երևան միակողմանի ավիատոմսի արժեքը կլինի` սկսած 88,960 ՀՀ դրամից, իսկ երկկողմանի տոմսերի արժեքը սկսած` 162,460 ՀՀ դրամից, ներառյալ` հարկերը և վճարները: Առաջիկա օրերին, տոմսերը առկա կլինեն Չեխական ավիաուղիների և նրա բոլոր գործընկերների բաշխման կետերում, ինչպես նաև հասանելի են ընկերության կայքում` www.czechairlines.com, բոլոր բջջային և Չեխական ավիաուղիների ծրագրային հավելումների միջոցով, և ընկերության տեղեկատուի, գրասենյակների միջոցով, տուրիստական գործակալությունների ցանցում, տոմսարկղների և տոմսերի վաճառքի կետերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում