Կասպրշիկի դաշտային օգնականները հանդիպել են հակառակորդի հրետանային կրակից զոհվածների հարազատներին (ֆոտո)

Կասպրշիկի դաշտային օգնականները հանդիպել են  հակառակորդի հրետանային կրակից զոհվածների հարազատներին (ֆոտո)

Հոկտեմբերի 9-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից Տավուշի մարզի Բերդավան բնակավայրի ուղղությամբ անցկացվել է հայ-ադրբեջանական պետական սահմանագծի հերթական դիտարկումը:

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ մինչ դիտարկման անցկացումը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժե Աբերլիեն, Խրիստո Խրիստովը և Սայմոն Թիլլերը ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների համապատասխան ներկայացուցիչների հետ այցելել են Տավուշի մարզպետարան, որտեղ կազմակերպված բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին մանրամասն ներկայացվել է Տավուշի մարզի սահմանամերձ գոտում տիրող իրավիճակը, մասնավորապես՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի անընդմեջ խախտումների, ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման անհաջող փորձերի, հայկական խաղաղ բնակավայրերի գնդակոծման աննախադեպ ծավալներն ու դրանց հետևանքները:

ՀՀ ՊՆ ներկայացուցիչները ԵԱՀԿ պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել են հատկապես մտահոգիչ այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը 1994թ. ի վեր առաջին անգամ սկսել է կիրառել խոշոր տրամաչափի ականանետեր և հրթիռահրետանային միջոցներ, ինչը հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում նոր իրադրություն է ստեղծում:

ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներն եղել են նաև Տավուշի մարզի Բերդավան գյուղում, որտեղ սեպտեմբերի 24-ին ԱՀ ԶՈՒ հրետակոծություններից զոհվել են երկու քաղաքացիական անձինք, և երկուսը ստացել բեկորային վիրավորումներ: Նրանք այցելել են զոհվածների ընտանիքներ, զրուցել նրանց հարազատների հետ, արձանագրել են հրետանային կրակի ռեակտիվ համալիրի ականների հասցրած վնասները:

Սահմանային դիտարկման ընթացքում կողմերը ռադիոկապ են հաստատել միմյանց հետ և տվել անվտանգության երաշխիքներ: Թանձր մառախուղի պատճառով դիտարկմանը մասնակցող խմբերը չեն կարողացել տեսողական կապ հաստատել։ Դիտարկման ընթացքում հրադադարի խախտումներ և միջադեպեր չեն գրանցվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում