Հերմինե Նաղդալյանը Հայաստանում համայնքների խոշորացման ծրագրին այլընտրանք չի տեսնում

Հերմինե Նաղդալյանը Հայաստանում համայնքների խոշորացման ծրագրին այլընտրանք չի տեսնում

Հայաստանում համայնքների խոշորացման ծրագիրն այլընտրանք չունի: Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: «Ես կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք այս ռեֆորմն այնպես անցկացնել, որպեսզի կարողանանք ձեռք բերել այն, ինչը մեզ անհրաժեշտ է տեղական ինքնակառավարման համակարգի կայացման համար և չկորցնենք այն, ինչ պետք է մեր ժողովրդի, յուրաքանչյուր համայնքի համար` կարևոր հնարավորությունների իրականացման առումով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Նաղդալյանը:

Նաղդալյանը նկատեց, որ համայնքների խոշորացումը Հայաստանում այլընտրանք չունի՝ հույս հայտնելով, որ այն քաղաքական կամքը, որը ցուցաբերում է կառավարությունն այս հարցում, աջակցություն կստանա խորհրդարանի մեծամասնության կողմից: «Իմ կարծիքով՝ մենք շատ ճիշտ ուղու վրա ենք: Այսօր շատ է խոսվում այն մասին, որ նախկին վարչատարածքային համակարգը, որը գործել է խորհրդային տարիներին, շատ արդյունավետ է եղել: Անհրաժեշտ է նաև այդ փորձը լուրջ ուսումնասիրել»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Նաղդալյանը նշեց, որ կառավարության որդեգրած մոտեցումն այլընտրանք չունի, և Հայաստանը պարտադրված է գնալ համայնքների խոշորացման ճանապարհով՝ տեղական ինքնակառավարման համակարգն առավել արդյունավետ դարձնելու համար: «Միևնույն ժամանակ, մենք այս կարևոր քայլին գնալու ճանապարհին պետք է լինենք շատ գրագետ, որպեսզի մեր լուծումներն ու բարեփոխումները լինեն օպտիմալ»,- եզրափակեց նա` հույս հայտնելով, որ հիմնական զեկուցող Վաչե Տերտերյանը հաշվի կառնի նաև պատգամավորների հնչեցրած մտահոգություններն ու առաջարկները՝ քննարկվող նախագծերի փաթեթն ավելի լավը դարձնելու համար:

Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի և հարակից նախագծերի օրենսդրական փաթեթը: Նախագծով առաջարկվում է համայնքների խոշորացման պիլոտային ծրագիր իրականացնել Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում: Լոռու մարզում առաջարկվում է համայնքն անվանել Թումանյան, որի ներքո կմիավորվեն Թումանյան քաղաքը, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր, Քոբեր կայարանի գյուղերը: Առաջարկվում է Սյունիքի մարզում համայնքն անվանել Տաթև, որի ներքո կմիավորվեն Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժին, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի գյուղերը: Տավուշի մարզում համայնքը կանվանվի Դիլիջան, որի ներքո կմիավորվեն Դիլիջան քաղաքը, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Հովք, Խաչարձակ, Ճերմակավան, Գեղատափ գյուղերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում