Ֆեդերեր. Եզրափակչում ցանկանում եմ մրցել Նադալի հետ

Ֆեդերեր. Եզրափակչում ցանկանում եմ մրցել Նադալի հետ

«Մեծ Սաղավարտի» մրցաշարերի 17-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը, ով Լոնդոնում ընթացող ATP Ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել, հայտարարել է, որ եզրափակիչ դուրս գալու դեպքում կցանկանար մրցել Ռաֆայել Նադալի հետ:

-Կարծում եմ` Նադալն աստիճանաբար ավելի ու ավելի լավ է խաղում և եթե առողջ լինի, 2016 թվականը նրա համար հաջող կլինի: Գուցե նախկինում նրա սահմանած չափանիշներից ցածր էր այս մրցաշրջանը, լավագույնը չէր, սակայն մի շարք թենիսիստներ կերազեին ATP-ի աղյուսակում հինգերորդը լինել: Կարծում եմ` հաջորդ մրցաշրջանում նա ավելի ուժեղ կլինի: Լավ մարզվելու դեպքում Ռաֆան կարող է հաջող հանդես գալ արդեն Ավստրալիայի Բաց առաջնության ժամանակ:

Իհարկե, Մարեյի և Վավրինկայի նկատմամբ տոնած վերջին հաղթանակներն ապացուցեցին, որ նա կարող է հաղթել Ամփոփիչ մրցաշարում: Չնայած առանձնակի նախապատվություններ չունեմ, բայց ցանկանում եմ եզրափակչում Ռաֆայի հետ մրցել: Այս պահին ամեն ինչ շատ հետաքրքիր է և բարդ, քանի որ հրաշալի է խաղալ նման մակարդակի թենիսիստների հետ,-Ֆեդերերի խոսքը մեջբերված է «Tennis World»-ից:

Նշենք, որ կիսաեզրափակիչ փուլում Ռոջեր Ֆեդերերը մրցելու է կա’մ հայրենակից Ստեն Վավրինկայի, կա’մ Էնդի Մարեյի հետ, իսկ Նադալը եզրափակչի ուղեգրի համար պայքարելու է Նովակ Ջոկովիչի հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում