Ա.Աշոտյան. «Հասարակության երիտասարդ մտավոր ներուժն այն գրավականն է, որն ապահովում է պետության հզորությունը և յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը»

ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորական ուղերձ է հղել ուսանողությանը՝ իրենց տոնի կապակցությամբ: Նախարարի խոսքում մասնավորապես ասվում է.

«Սիրելի’ ուսանողներ,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:

Նոյեմբերի 17-ը ողջ աշխարհում առանձնակի ջերմությամբ է նշվում’ որպես ուսանողների համաշխարհային օր: Տասնամյակներ շարունակ աշխարհի ուսանողներն ակտիվ և միասնական ներգրավված են ինչպես իրենց երկրների ամենօրյա խնդիրների, այնպես էլ համաշխարհային հիմնախնդիրների լուծմանը միտված գործընթացներում: Ուսանողությունը համարվում է յուրաքանչյուր պետության զարգացման ու առաջընթացի կարևորագույն երաշխիքը:

Հասարակության երիտասարդ մտավոր ներուժն այն գրավականն է, որն ապահովում է ինչպես պետության հզորությունը, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը: Հմուտ և մասնագիտական գիտելիքներով հարուստ երիտասարդներով է պայմանավորված գիտական մտքի զարգացումն ու ողջ հասարակության առաջընթացը: Մենք թևակոխել ենք մի նոր դարաշրջան, երբ օր օրի փոփոխվող համաշխարհային մարտահրավերներին կարող ենք դիմագրավել միայն արդիական գիտելիքներով:

Հայ ուսանողներն այսօր քայլում են մեր երկրի հասարակական կյանքի բոլոր զարգացումներին համընթաց’ միաժամանակ լինելով դրանց ակտիվ մասնակիցն ու իրականացնողը: Թե ինչպիսին կլինի Հայաստանի Հանրապետությունը տարիներ անց, պայմանավորված է նաև ներկայիս ուսանողության ձգտումներով, երազանքներով ու հաստատակամությամբ:

Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող բոլոր ուսանողներին և ցանկանում լավատեսություն, եռանդ, հաստատուն կամք, ուսման մեջ հաջողություններ ու բոլոր նպատակների իրականացում:

Լավագույն ցանկություններով` Արմեն Աշոտյան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում