Զ.Փոստանջյան. «Մենք նորից ականատեսն ենք լինելու հայ ժողովրդի հավաքական ջանքերը գործադրելուն»
Նմանատիպ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Հ1 հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում: Հայտարարությունում մասնավորապես նշվում է.
«1988-ին սկիզբ առած’ լույսի և խոստումնալից ապագայի համար ազատագրական պայքարը վկայում էր վերածնված հայ ժողովրդի հավաքական անխոնջ ջանքերի ու կամքի, փոխադարձ վստահության և անկեղծության մասին:
Հայ ժողովուրդն իր պատմական ընթացքի վերջին 20 տարիներին բեկում մտցրեց իրեն պարտադրված հերթական՝ թուրքական պատերազմում: Մենք ազատագրեցինք մեզ պատկանող հայրենիքի մի մասը և 1994-ին պարտադրեցինք, որ մեզ հետ թուրքական քաղաքականություն վարողները ստորագրեն զինադադարի փաստաթուղթ: Մեր պատմության այս էջը անկասկած լուսավոր է և խոստումնալից:
Ցավոք, մեր հաղթանակից ընդամենը մեկ տարի անց՝ 1995-ին, սկսվեց մեր երազանքներից մեզ հեռացնելու կործանարար ժամանակաշրջանը, որն այսօր էլ դեռ շարունակվում է: «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն» անվամբ մեզ պարտադրվեց սառը, ինքնակալ, հրեշավոր պետական կառավարման համակարգ, որն այլևս մերժում էր հայ ժողովրդի հավաքականությունը:
Սառը, ինքնակալ, հրեշավոր, ազգի հավաքական համոզմունքը խաթարող պետական կառավարումը և նրա գլխին կանգնած հրեշն առաջին անգամ իր գոյության մասին սարսափ տարածեց 1996-ին:
Այսուհետ ստի, կեղծիքի և խարդախության միջոցով հրեշը շարունակեց վարել իր քաղաքականությունը: Ինչ որ նա ուներ և ունի, գողացված է: Նա կծում էր’ ուժ էր գործադրում և շարունակում է նույնն անել գողացված ատամներով’ հայկական բանակով: Հրեշը գրավեց շատ-շատերին, այդ թվում՝ նաև վերածնված հայ ժողովրդի հավաքական կամքի վառ արտահայտողներին, որոնց թվում են Հայաստանի Հանրապետության երեք նախագահները: Նա պատրաստ էր և պատրաստ է ամեն ինչ տալ բոլոր նրանց, ովքեր կխոնարհվեն և կպաշտեն նրան՝ հրեշավոր կուռքին, նա նաև ջանքեր չի խնայում՝ գնել առաքինության փայլը ու հպարտ աչքերի հայացքը, քանի որ հրեշավոր սառնությունը իր կյանքը շարունակելու համար կարիք ունի ջերմության:
Հրեշին շրջապատողները պարտավոր են կորցնել մարդկայինը: Այստեղ դանդաղ ինքնասպանությունը կյանքի է կոչվում: Գողությունը տաղանդ է, գողացածի ցուցադրումը՝ իբրև իրենց պատկանող մշակույթ: Մարդկային արյամբ ձևավորված և գոյատևող հրեշի գահը մարդկային ոգիների նեխման պատճառով դարձել է գարշելի, նրա գարշելիության հոտն անտանելի է, սակայն նրա վերջը տեսանելի է և անխուսափելի, քանի որ բնության ոսկե օրենքն է՝ նեխելուց հետո ծնվում է նորը:
Հավատացած եմ՝ մենք նորից ականատեսն ենք լինելու հայ ժողովրդի հավաքական ջանքերը գործադրելուն: Սկիզբ առնող նոր կյանքը կրկին մեզ մոտեցնելու է մեր երազանքին:
Մենք ապրելու ենք Նոր Հայաստանում, որը մեր բացարձակ իրավունքն է, անժամկետ պատկանում է մեզ և անօտարելի է»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում