Yerevan
18
+26°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Իսպանիայի Կոնգրեսի նախագահը ԼՂ հիմնահարցի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով

Իսպանիայի Կոնգրեսի նախագահը ԼՂ հիմնահարցի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով

Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը փետրվարի 17-ին հանդիպում է ունեցել Իսպանիայի Թագավորության Կոնգրեսի նորանշանակ նախագահ Պաչի Լոպեսի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպան Ադոնցը շնորհավորել է Պաչի Լոպեսին Իսպանիայի Կոնգրեսի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և փոխանցել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Կողմերն անդրադարձել են երկու պետությունների միջև միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարներին` կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերն ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Դեսպան Ադոնցը տեղեկացրել է, որ հայկական կողմը պատրաստ է իսպանացի գործընկերների հետ աշխատել հնարավոր բոլոր ուղղություններով՝ ի շահ երկու երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդման:

Կոնգրեսի նախագահը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և նշել, որ Ավետ Ադոնցն օտարերկրյա առաջին դեսպանն է, ում նա ընդունում է պաշտոնն ստանձնելուց ի վեր: Պաչի Լոպեսը նշել է, որ մշտապես հետաքրքրված է եղել Հայաստանով, նրա պատմությամբ, ինչպես նաև հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին:

Դեսպան Ադոնցը զրուցակցին հանգամանալից ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները, տարածաշրջանում առկա իրավիճակը: Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին` Պաչի Լոպեսը նշել է, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով` միջնորդների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա: Այս համատեքստում նա կարևորել է հակամարտության բոլոր կողմերի միջև վստահության միջոցների ներդրման անհրաժեշտությունը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ողջ աշխարհում` այդ թվում նաև Իսպանիայում տեղի ունեցած միջոցառումների և դրանց խորհրդի շուրջ քննարկումների համատեքստում դեսպան Ադոնցը շնորհակալություն է հայտնել նախորդ տարի Իսպանիայի Կոնգրեսում կազմակերպված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում