Ավտոմեքենաների ապակիների մգացման համար ոչ բոլոր վարորդներն են տուգանվում. Էդուարդ Հովհաննիսյան

Ավտոմեքենաների ապակիների մգացման համար ոչ բոլոր վարորդներն են տուգանվում. Էդուարդ Հովհաննիսյան

Ավտոմեքենաների ապակիների մգացման համար վարորդներին տուգանելու հարցում կիրառվում է տարբերակված մոտեցում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

«Դա հակասահմանադրական է, չի կարելի միևնույն հարցում տարբերակված մոտեցում կիրառել: Եթե վարորդի ավտոմեքենայի ապակիների մգացումը 75 տոկոս է, և դա գործարանային արտադրության է, ապա Ճանապարհային ոստիկանությունը չի տուգանում: Բայց եթե նույն տոկոսի չափով ապակին թաղանթապատված է, ապա տուգանում է: Ինչո՞ւ: Թաղանթապատված, թե գործարանային արտադրության՝ նույն չափով է մգացված, ո՞րն է պատճառը, որ մի դեպքում վարորդը տուգանվում է, մյուս դեպքում` ոչ»,-ասաց Էդուարդ Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի ապակիների մգացման վերաբերյալ դրույթում հստակեցման անհրաժեշտություն կա:

Նրա խոսքով, իրենք արդեն բազմաթիվ վարորդներից բողոքներ են ստացել: «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպությունն, այդ խնդրով պայմանավորված, նամակով դիմել է Ազգային ժողովի նախագահին: Վերջինս դիմումն ուղղել է Արդարադատության նախարարություն, նախարարությունն էլ՝ Ճանապարհային ոստիկանություն: Այժմ կազմակերպությունն սպասում է Ճանապարհային ոստիկանության պատասխանին:

«Պատասխանը դեռ չենք ստացել, բայց խոսվում է այն մասին, թե աղջամուղջի ժամանակ տեսանելիությունը վատանում է, դրա համար էլ ապակիները թաղանաթապատված ավտոմեքենաների վարորդները տուգանվում են: Մենք էլ ասում ենք, ի՞նչ է գործարանային պայմաններում ապակիների մգացվածությունն աղջամուղջի ժամանակ խնդիր չի՞ ստեղծում»,- հավելեց Էդուարդ Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում