Արմեն Մուրադյանը դասախոսություն է կարդացել երիտասարդ մասնագետների համար
Նմանատիպ
«Առաջնորդության դպրոցի» հրավերով տարբեր հիմնահարցերի անդրադարձ է կատարվել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի դասախոսության ժամանակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, երիտասարդների հետ հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է առաջնորդության մասին իր տես ակետները: Քննարկման առանցքում է եղել նաև արդյունավետ առաջնորդությունը դժվարին իրավիճակներում:
«Իրական առաջնորդը մարտահրավերը տեսնողն է. հույս և վստահություն ներշնչելով` պատասխանատվություն է կրում իր երաշխավորած հաղթանակի համար»,- նշել է Արմեն Մուրադյանը: Նա անդրադարձել է առաջնորդության հասնելու համար անհրաժեշտ ներուժի և շարժառիթների առկայությանը, դրանց ապահովման կարևորությանը: Առաջնորդությունը, նրա գնահատմամբ, ենթադրում է առաջին հերթին հսկայական պատասխանատվության և նախաձեռնողականության բարձր զգացում:
Նախարարը դպրոցի սաների առաջարկով կիսվել է նաև անձնական փորձով: Խոսել է բժշկության մեջ, բժիշկ-հիվանդ փոխհարաբերություններում, վիրահատության ժամանակ առաջնորդելու կարողության մասին: «Յուրաքանչյուր առաջնորդ մեծ ուժ է ստանում իր հայրենիքում»,- ընդգծել է նախարարը` կարևորելով հայրենիքի հետ մշտական կապը, տարբեր ոլորտների զարգացման ապահովումը:
Պատասխանելով դպրոցի սաների հարցերին` Արմեն Մուրադյանն անդրադարձել է նաև հանրային առողջությանը, առողջապահական մարտահրավերներին, դրանց արդյունավետ լուծման ուղիների մշակմանը, բուժաշխատողների պաշտպանվածության հարցին, ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանը:
Ամփոփելով հանդիպումը` նա հորդորել է երիտասարդներին մշտապես պատրաստ լինել փորձություններին և հիշել, որ պատասխանատվությունը և նախաձեռնողականությունը համաչափ պետք է լինեն ցանկացած իրավիճակում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում