Իրանը վերականգնել է ստորգետնյա հրթիռային ենթակառուցվածքի զգալի մասը․ CNN
Կարդացեք նաև
Արբանյակային լուսանկարների վերլուծությունը ցույց է տալիս, որ Իրանը ակտիվորեն վերականգնում է իր ստորգետնյա հրթիռային ենթակառուցվածքը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո։ Այդ մասին հաղորդում է CNN-ը։
Հեռուստաընկերության տվյալներով՝ Իրանը վերականգնողական աշխատանքների համար օգտագործել է համեմատաբար պարզ տեխնիկա՝ բուլդոզերներ և ինքնաթափ բեռնատարներ։ CNN-ի գնահատմամբ՝ դա վկայում է, որ միայն թունելների մուտքերի թիրախավորումը բավարար չէ երկրի հրթիռային ներուժը չեզոքացնելու համար։
Հրադադարի հաստատումից ավելի քան յոթ շաբաթ անց Թեհրանը զգալիորեն ակտիվացրել է իր հրթիռային բազաների վերականգնման աշխատանքները։ CNN-ի ուսումնասիրության համաձայն՝ Իրանը վերաբացել է 69 թիրախավորված թունելային մուտքերից 50-ը, որոնք գտնվում են 18 ստորգետնյա հրթիռային բազաներում և նախկինում ենթարկվել էին ԱՄՆ-ի ու Իսրայելի հարվածներին։
Հաղորդվում է նաև, որ վերանորոգվել են բազաների այլ հատվածներ, այդ թվում՝ ճանապարհներ, որոնք վնասվել էին ռմբակոծությունների հետևանքով։ Արբանյակային լուսանկարներում երևում է, որ բազմաթիվ խառնարաններ արդեն լցվել են, իսկ որոշ հատվածներում ճանապարհածածկը նույնիսկ վերաասֆալտապատվել է։
Փորձագետների գնահատմամբ՝ Իրանի ստորգետնյա պահեստարաններում կարող է դեռևս պահպանվել շուրջ 1000 հրթիռ։ Նրանց կարծիքով՝ մեծ խորության վրա գտնվող պահեստները, հավանաբար, էական վնասներ չեն կրել իրականացված հարվածների հետևանքով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում