Գերմանիայից կարող են արտաքսվել զուտ տնտեսական պատճառներով և անվտանգության առումով ապահով երկրից եկած միգրանտները

Գերմանիայից կարող են արտաքսվել զուտ  տնտեսական պատճառներով և անվտանգության առումով ապահով երկրից եկած միգրանտները

Գերմանիայում հասարակության աճող բևեռացում կա երկու հակադիր ճամբարների միջև, այսինքն այն մարդկանց, որոնք  աջակցում են Գերմանիայի Դաշնային կառավարության կանցլեր Անգելա Մերկելի կուրսն այս հարցում և նրանց, որոնք քննադատաբար են տրամադրված միգրացիայի նկատմամբ` մերժելով փախստականների ընդունման պետական քաղաքականությունը: Այս մասին «Փախուստ և միգրացիա դեպի Եվրոպա. ինչպե՞ս հաղթահարել պետության և հասարակության առջև ծառացած մարտահրավերները» թեմայով քննարկմանը հայտարարեց ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը` շեշտելով, որ սա զուտ գերմանական խնդիր չէ, այլ համաեվրոպական, հետևաբար դրան պետք է տալ համաեվրոպական լուծում:

Այս համատեքստում դեսպանը հայտնեց, որ  օրերս Գերմանիայի երեք նահանգներում տեղի են ունեցել ընտրություններ և մասնավորապես Սաքսոնիա երկրամասում փախստականների ընդունմանը դեմ կուսակցություններից մեկը ստացել է  20 տոկոս ձայն` դառնալով մեծությամբ երկրորդ խմբակցությունը, ինչն ըստ Քիսլերի, փախստականներին ընդունել-չընդունելու հարցում մտահոգության տեղիք տվող ցուցիչ է:

Դեսպանի փոխանցմամբ` անցած տարի  Գերմանիան ստացել է 440 հազար ապաստանի հայց, որից 160.000-ը սիրիացի փախստականներից: Սակայն ընդհանուր առմամբ, Գերմանիա ժամանածների  թվաքանակը շատ ավելին է`  1.1 միլիոն մարդ, որոնցից Սիրիայից ժամանածները կազմում են մոտ 440 հազարը:

Այստեղ արձանագրվեց, որ վերջին շրջանում արևմտյան բալկանյան սահմանի փակմամբ պայմանավորված` Գերմանիա ժամանող փախստականների թիվը նվազել է. եթե դեկտեմբերին երկիր է ժամանել 127 հազար փախստական, ապա հունվարին 91 հազար, իսկ փետրվարին` 61 հազար: Իրավիճակը լիցքաթափված է Իտալիայի ուղղությամբ, իսկ Հունաստանում անօրինական միգրանտների թիվը հասնում է .50.000-ի:

«Իսկ շենգենյան սահմանները չեն կարող երկար փակ մնալ, բայց դրանք նախ դրսից պետք է  հնարավորինս արագ ապահով դարձնել, որի հիմնական գործոններից մեկը Միջերկրական ծովով փախստականների անօրինական տեղափոխողումների կասեցումն է»,-շեշտեց Գերմանիայի դեսպանը`  նկատելով, որ գլխավոր գործոնը խնդրի լուծման Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի շուտափույթ ավարտն է, երբ մարդիկ կկարողանան խաղաղ պայմաններում բնակվել իրենց իսկ  երկրում: Իսկ մինչ այդ Մաթիաս Քիսլերը Եվրոպայի առջև ծառացած միգրացիոն խնդիրների կարգավորման գործում կարևորեց Թուրքիայի ներգրավվածությունը. պետք է կասեցնել մարդկանց անօրինական տեղափոխումը Եվրոպայի սահմաններով, երկրորդ` միգրացիոն բեռի բաշխումը երկրների միջև պետք է արդար կատարվի, այսինքն` ճիշտ չէ, երբ մի քանի երկիր է իր վրա վերցնում այդ բեռը, իսկ մյուսները ոչինչ չեն անում:

Այս մտքի շրջանակում անդրադառնալով Գերմանիային, դեսպանը զգուշացրեց, որ իրենց «դռները» բաց են այն միգրանտների առջև, որոնք քաղաքական հետապնդման են ենթարկվում կամ պատերազմող երկրից են, իսկ այն մարդիկ, որոնք Գերմանիա են եկել միայն  տնտեսական դրդապատճառներով և անվտանգության առումով ապահով երկրից, կարող են արտաքսվել:

Քննարկմանը ներկա «Կարիտաս» միության Վիեննայի գրասենյակի Missing Link բաժնի ղեկավար, քաղաքագետ, հրապարակախոս Մարի Կրոյցերը տեղեկացրեց, որ ներկա պահին  Ավստրիայում «Կարիտասը» հոգ է տանում 35 հազար փախստականի համար, որոնք քաղաքական ապաստան են ստանալու, ևս 1000-ի ճակատագիրն անորոշ է, բայց նրանք էլ են օգտվում կազմակերպության հոգածությունից: 

«Խնդրահարույց է անչափահաս փախստականների հետ կապված իրավիճակը, որոնք առանց որևէ մեկի ուղեկցությամբ են գտնվում  Ավստրիայում 6.000 հոգի »,-ընդգծեց նա:

Վիեննայի համալսարանի դասախոս, Մերձավոր Արևելքում գործող LeEZA բարեգործական կազմակերպության վարչության անդամ Թոմաս Շմիդինգերն իր խոսքում մտահոգություն հայտնեց` արդյո՞ք թուրք-եվրոպական միգրացիոն համաձայնագրով Թուրքիային հատկացվելիք գումարը կհասնի իրական հասցեատիրոջը: Ինչին ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն արձագանքեց` կասկածելու որևէ հիմք չունեն: Իհարկե, ինչպես Մաթիաս Քիսլերը, Շմիդինգերը չնայած իր մտահոգությանը, գտնում է, որ Թուրքիայի դերը որպես տարանցիկ երկիր կարևոր է փախստականների ընդունման մարտահրավերներին դիմակայելու հարցում: 

Անդրադառնալով Եվրոպայում իրականացվող ահաբեկչություններն  իրականացնողներին և դրա դրդապատճառներին, Թոմաս Շմիդինգերը նկատեց, որ թեպետ փախստականների ընդունման հարցում մտահոգություններ են հնչում, որ նրանց շարքում կարող են ջիհադիստական շրջանակներից մարդիկ լինել, սակայն իրականությունն ապացուցում է, որ ահաբեկչական ակտերի կատարողներն Եվրոպայում  ծնված և այստեղ սոցիալիզացված մարդիկ են, որոշ երիտասարդներ անգամ Եվրոպայից մեկնում են Սիրիա և ԻՊ-ի կամ «Ջեբհատ ան-Նուսրա»-ի կազմում կռվում  սիրիացիների դեմ: 

«Եվրոպացի երիտասարդների այս ծայրահեղականացումը ոմանք կապում են միջազգային զարգացումների հետ, բայց դա մեր երկրների հասարակությունների խնդիրն է: Այս իրավիճակը ոմանք օգտագործում են և ատելություն տարածում մահմեդականության նկատմամբ` դրանով իսկ ջուր լցնելով ահաբեկիչների ջրաղացին, որոնք շատ հանգիստ ասում են, թե տեսեք դուք Եվրոպայում չեք կարող ազատ ապրել ձեր կրոնական կյանքով»,- նկատեց Վիեննայի համալսարանի դասախոսը:

Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան դոկտոր պրոֆեսոր Արթուր Մկրտիչյանի դիտարկմամբ, խնդիրը նրանում է, որ Եվրոպայում միգրանտների, օտար ազգի ներկայացուցիչների ընդհանուր ապագան կառուցվում է ոչ թե ընդհանրությունների, այլ մշակութային, կրոնական տարբերությունների հիման վրա: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ Գերմանիայի դեպքում փախստականների 1 միլիոնի հասնող թվաքանակին, ապա դա այս երկրի համար հեշտ մարսելի է, քանի որ ըստ Մկրտիչյանի, գերմանական տնտեսությունն աշխատուժի խնդիր ունի, այլ հարց է, որ միանգամից այդքան փախստականի ընդունումը բարդ է և պատրաստ չեն: Հայաստանի պարագայում մշակութային լուրջ խնդիրներ չկան, քանի որ մեր երկիր են գալիս սիրիահայեր, թեպետ արժեհամակարգային և սովորույթների բախումներ լինում են, որը կարելի էր հեշտ հարթել, եթե ՀՀ-ում մասնագիտացված կազմակերպություններ լինեին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում