Մոսկվայում բազմամարդ ակցիայի մասնակիցները դատապարտել են Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը

Մոսկվայում բազմամարդ ակցիայի մասնակիցները դատապարտել են Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը

Ռուսաստանի հայերի միությունը ռուսաստանյան հասարակական և քաղաքական կազմակերպությունների, մտավորականության և երիտասարդության մասնակցությամբ «Հիշում եմ և պահանջում» խորագրով բողոքի ցույց է անցկացրել Մոսկվայում:

Ինչպես տեղեկացրին Ռուսաստանի հայերի միությունից, Հայոց ցեղասպանութան 101-րդ տարելիցին նվիրված ակցիայի սկզբում մասնակիցները կարմիր ժապավեններով խորհրդանշական կերպով փակել են իրենց բերանները: Ապրիլի 24-ին տեղի ունեցած ցույցին մասնակցում են նաև ՌԴ Պետական Դումայի պատգամավորներ, ճանաչված քաղաքագետներ, հասարակական գործիչներ:

«Ռուսաստանի հայերի միության» փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը նշել է, որ աշխարհի շատ քաղաքներում և Երևանում ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ ծաղիկներ են դնում Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին, և համաշխարհային հասարակայնության առաջնորդները ևս նրանց հետ են: Իր խոսքում «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը հայտարարել է, որ տարեցտարի թափ հավաքող ավանդական ապրիլյան ակցիան կրկին համախմբել է ռուսաստանյան քաղաքական և հասարակական կազմակերպություններին, գիտնականներին, վերլուծաբաններին, երիտասարդությանը և մարդկանց տարբեր ազգային համայնքներից: «Այսօր հայկական պետականությունը հանդիսանում է լավագույն պատասխանը այն ծրագրին, որով մեր ժողովրդի դեմ հարյուր տարի առաջ առաջ գործում էր Օսմանյան Թուրքիան: Հայկական հաղթանան բանակը հանդիսանում է հայ ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը»,- ընգծել է Յուրի Նավոյանը:

ՌԴ Պետական Դումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների, հայրենակիցների և եվրասիական ինտեգրացիայի հարցերով կոմիտեի անդամ Օլեգ Պոխալկովը կարծիք է հայտնել, որ միլիոնից ավել անմեղ մարդկանց զոհվելու մեջ մեղավորը մինչև այժմ չի պատժվել և չի ընդունում իր գործած մեղքը, և դրա թողած վերքերը դեռ արյունահոսում են: Նրա խոսքով՝ 1915 թ. դրվեցին այն իրադարձությունների հիմքերը, որ այսօր տեղի են ունենում Ղարաբաղում, նշանակում է, որ մեղավորը ցանկանում է ամեն ինչ նորից կրկնել:

Հրապարակախոս, Ռուսաստանի միջագային իրավունքի ընկերակցության անդամ Դենիս Դվորնիկովը նշել է, որ ժողովուրդը հիշում է 100 տարի առաջվա ահավոր իրադարձությունները, բայց մտքերն այս օրերին Արցախում են:

Ավարտին ընդունվել է ցույցի բանաձևը, որով Թուրքիայի իշխանություններից պահանջվում է առերեսվել սեփական պատմությանը, ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը, հրաժարվել պատմության փաստերի ժխտման, ինչպես նաև ուրիշ պետությունների գործերին ռազմական միջամտության քաղաքականությունից:

Բողոքի ցույցի ժամանակ ելույթ են ունեցել նաև Մոսկվայի պատմության ընկերության նախագահ Պյոտր Ակեքսանդրով-Դերկաչենկոն, հունական համայնքի ներկայացուցիչ Անեստի Կսինոպուլոն և ուրիշներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում